ԱԻՆ. Սահմանամերձ գյուղերում պաշտպանության դասընթացներ կանցկացվեն. Azatutyun
19/08/2014 16:50

ԱԻՆ. Սահմանամերձ գյուղերում պաշտպանության դասընթացներ կանցկացվեն. Azatutyun

Առաջիկայում սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պաշտպանության հատուկ դասընթացներ կանցկացվեն, որոնց ընթացքում գյուղացիներին կսովորեցնեն, թե ինչ պետք է անել, օրինակ, կրակոցների ժամանակ։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: 

Նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ սահմանային վերջին միջադեպերից հետո պաշտպանության նախարարին նման դասընթացներ անելու առաջարկ է արել, և այժմ երկու գերատեսչությունները այս ուղղությամբ համագործակցելու են։

«Հիմա նկուղները պետք է գնանք, նայենք, այսինքն՝ այդ կրակոցների ժամանակ իրենք ինչ պետք է անեն։ Շատերը երկար ժամանակ էդտեղ կրակոցների տակ են, բայց այդտեղ կան մասնագետներ, մասնագետները կգնան էնտեղ, ցույց կտան, մենք էլ կգնանք. պետք է գնանք մարդկանց օգնություն ցույց տանք», - ասաց Երիցյանը։

Նա նշեց, որ այս աշխատանքին մասնակցելու է Արտակարգ իրավիճակների նախարարության 4 հազար աշխատակից։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն հանձնարարականներ է տվել, սահմանային 21 գյուղում ծրագրերը շուտով կմեկնարկեն։

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ ուշադրություն են դարձնելու նաև քաղաքացիական բնակչության կողմից անզգուշության, անտեղյակության հետևանքով սահմանը խախտելու դեպքերին՝ քարտեզագրելու են սահմանային տարածքները և գյուղացիներին բացատրելու, թե որ մասով չի կարելի գնալ։

«Մենք պետք է իրենց բացատրենք, դասընթացներ անցկացնենք, որ էս տեղերը կարելի է գնալ, էս տեղերը՝ չի կարելի, քարտեզները կունենանք, իրենց ցույց կտանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երիցյանը, հավելելով, որ չնայած խնդիրը բանակի իրավասության տիրույթում է, բայց այս ձևով իրենք փորձելու են օգնել Պաշտպանության նախարարությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

 

ԱԻՆ. Սահմանամերձ գյուղերում պաշտպանության դասընթացներ կանցկացվեն. Azatutyun