Սոցվճարի պարտականությունից հրաժարվելու դիմումի ձևը պատրաստ է
19/08/2014 18:50

Սոցվճարի պարտականությունից հրաժարվելու դիմումի ձևը պատրաստ է

Հարկային մարմնի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում արդեն հասանելի է Հաշվետվությունների 114 ձևը, որով ներկայացվում են սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմումները: Այս մասին տեղեկացնում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը:

Համակարգում ընտրելով համապատասխան` «114. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ)` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ» հաշվետվության ձևը` սոցիալական վճարներից հրաժարվելու դիմում ներկայացրած աշխատակցի անվան դիմաց հարկավոր է կատարել նշում:

Հուլիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամփոփ հաշվարկը պետք է ներկայացնել «109. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվետվության ձևով` մինչև հուլիսի 1-ը կիրառված 86-րդ ձևի փոխարեն:

ԿՀԻԿ հիմնադրամը գործատուներին, հաշվապահներին, կուտակային բաղադրիչի մասնակիցներին և բոլոր հետաքրքրված քաղաքացիներին հրավիրում է մասնակցել անվճար դասընթացների` ծանոթանալու կուտակային համակարգում կատարված բոլոր փոփոխություններին: Գրանցվել հնարավոր է` զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ ներկայացնելով հայտ [email protected] էլ. հասցեին: