20/08/2014 12:28
Մ. Հակոբյան. Վերջին դեպքերն առանձնահատուկ էին, բայց մեր սահմանն անխախտելի է
Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունն ու վերջին փորձությունները ցույց են տվել, որ բանակն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը լուծել: Այս մասին՝ karabakh-open.info-ի փոխանցմամբ, նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը
Նրա խոսքով՝ առաջնագծում ստեղծված իրավիճակն առանձնահատուկ էր. հակառակորդը 16 դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձ է իրականացրել, որոնք հիմնականում անհաջողության են մատնվել:
«Բոլոր դեպքերում էլ մեր առաջապահ զորքերը, մարտ վարելով, հակառակորդին պարտադրել են հետ նահանջել: Մենք նմանատիպ հակազդող գործողություններ իրականացրել ենք 7 անգամ, որից 5-ը բավականին հաջողված է եղել: Դրանք են պարտադրել հակառակորդին հետ կանգնել նման գործողություններից»,- ասել է Մովսես Հակոբյանը:
Խոսելով առաջնագծում լարվածության ստեղծման մասին Մովսես Հակոբյանը մատնանշել է, որ հակառակորդի դիպուկահարները խոշոր տրամաչափի զենքերից են կրակել, ինչը ստիպել է ՊԲ-ի հատուկ ստորաբաժանումներին՝ կանխարգելիչ միջոցառումների միջոցով հակառակորդին պարտադրել հետ քաշվել:
Սահմանային վերջին զարգացումներն, ըստ ՊԲ հրամանատարի, առանձնահատուկ էին նաև նրանով, որ հակառակորդը դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել մի քանի ուղղությամբ և օրեր շարունակ. մեկ շաբաթվա ընթացքում 7 դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձ է եղել, իսկ օգոստոսի 1-2-ը՝ 5-րդ ՊՇ դիրքերից մեկի վրա հակառակորդը բացահայտ հարձակում է իրականացրել՝ 40-50 հոգով: Վերջին դեպքերի արդյունքում, հակառակորդն ընդհանուր առմամբ 36 զոհ է տվել:
«Ցավոք, մենք ունեցել ենք 6 կորուստ՝ 3 սպա և 3 զինվոր: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ դժվարին պահին մեր հրամանատարները զինվորների կողքին են»,- ընդգծել է նախարարը:
ՊԲ հրամանատարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակը համարժեք պատասխան է տվել հակառակորդին, ինչը խոսում է այն մասին, որ «հայ զինվորն այստեղ ժամանակավոր ծառայություն չի իրականացնում, եկել է ու մնալու է միշտ, և ԼՂՀ պետական սահմանն անխախտելի է»: