23/08/2014 13:21
Մ. Հակոբյան. Առաջնագծում հերթապահության ժամանակ զինվորը 99%-ով պաշտպանված է
Բարեբախտաբար, Պաշտպանության նախարարն իրավունք չունի քաղաքականությամբ ու արտաքին քաղաքականությամբ զբաղվելու: Սահմանադրության համաձայն` իմ պարտականությունը սահմանի պահպանությունն է և մենք դա կատարում ենք: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը` պատասխանելով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին:
«Պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է ու մենք ցանկացած միջոցառում պիտի իրականացնենք պատերազմից խուսափելու համար: Ես՝ որպես պաշտպանության նախարար, ամեն օր պատրաստվում եմ պատերազմի: Նույնն էլ` պաշտպանության բանակը: Ամեն երեկո` անվանականչի ժամանակ, բոլորը ևս մեկ անգամ կրկնում են իրենց պարտականությունները, թե ինչ են անելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի»,- ասաց ՊԲ հրամանատարը:
Նա ընդգծեց, որ դեռ պատերազմի տարիներից ՊԲ-ն սկսել է զբաղվել առաջին գծի հագեցվածությամբ, կատարվել են ինժեներատեխնիկական աշխատանքներ:
«Կարող ենք ասել, որ այսօր մեր զինվորն առաջնագծում իր հերթապահությունն իրականացնելու ժամանակ 99 տոկոսով պաշտպանված է` սա հակառակորդի կողմից հրաձգային զենքերի օգտագործման դեպքում: Հիմա մենք մշակել ենք նոր մի սարքավորում, որով սկսել ենք համալրել առաջին գիծը»,- ասաց գեներալ-լեյտենանտ Հակոբյանը` ընդգծելով` այս պահին աշխատանքներ են տարվում գիշերային ժամերին մարտական հերթապահությունը մաքսիմալ անվտանգ դարձնելեւ ուղղությամբ:
«Միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք, որ այդ բոլոր տեխնիկական միջոցները պարզապես օգնելու են, իսկ սահմանի պաշտպանն ու անվտանգության ապահովողը մնալու է զինվորը»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Նախորդող հրապարակում՝ ՊԲ հրամանատար. Բանակն իր խնդիրը կատարում է լուռ