.jpg)
Աշոտյան. Ուսուցիչ աշխատելը չպետք է տանից դուրս գալու առիթ լինի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:
Աշոտյանը նշեց, որ ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները չեն փոխվել, պարզապես հստակեցվել են մոտեցումները: Վերանշանակված նախարարը նշեց, որ անկախ առաջընթացից՝ կրթության ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Թվարկելով իրականացվելիք ծրագրերը, Աշոտյանն առանձնացրեց դրանցից մի քանիսը՝ ուսման վարձերի զեղչերի, ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման, դպրոցների վարկանիշավորման, ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավմանն ուղղված քայլեր:
Հանդիպման ընթացքում լրագրողները նախարարին հիշեցրեցին իր պաշտոնավարման նախորդ շրջանում բազմիցս բարձրաձայնված խնդիրներից մեկի մասին՝ նշելով, որ դպրոցների ուսուցիչների մի ստվար զանգված այդպես էլ չզգաց աշխատավարձերի բարձրացումը, համենայն դեպս՝ բարձրացումը շոշափելի չի եղել շատերի համար: Պատասխանելով այս դիտարկմանը, վերանշանակված նախարարը նշեց, որ աշխատավարձի կտրուկ բարձրացում որևէ մեկը չէր խոստացել. խոսքը մշտապես եղել է 8-10%-ի բարձրացման մասին:
«Հուլիսի 1-ից մանկավարժների աշխատավարձերը 9%-ով բարձրացել են. մի մասի մոտ փաստացի բարձրանալու է, մի մասի մոտ՝ ոչ։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը փաստացի կարիք ունի 25.000 ուսուցչի, մինչդեռ ունենք 40.000 ուսուցիչ: Ակնհայտ է, որ մեկ դրույքը ոչ բոլորին է հասնում, հիմնականում դրույքը կիսվում է։ Բոլորս էլ գիտենք ուսուցիչների, որոնք 0.25 դրույքով են աշխատում»,- ասաց նա։
Աշոտյանը նշեց, որ դեմ է զանգվածային կրճատումներին, սակայն պետք է սթափ նայել ստեղծված իրավիճակին: Ըստ նախարարի՝ պետք է, որ ուսուցիչների աշխատեն առնվազն 0.5 դրույքաչափով. «Ուսուցիչ աշխատելը չպետք է տանից դուրս գալու առիթ լինի»,- եզրափակեց նախարարը։
Անդրադառնալով բուհական համակարգին՝ ԿԳ նախարարը խոստովանեց, որ բուհերում կոռուպցիոն ռիսկեր դեռ առկա են: Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է հայրենի կրթական ծրագրերի բորդությունը, ինչի պատճառով էլ ուսանողներից շատերը արտասահմանում ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան հայկական բուհերում: