.jpg)
12-ամյա պարտադիր կրթությանն անցնելը հրամայական է. Նախարար
12-ամյա պարտադիր կրթությանն անցնելը հրամայական է, քանի որ յուրաքանչյուր տարի ցույց է տալիս, որ ամեն տարի 4-5 հազար պատանի դուրս է մնում կրթությունից, որովհետև 9-ամյա բազային ցենզով, մտածում է, վաստակել է անհրաժեշտ կրթություն։ Բոլորս էլ գիտենք, որ նման կրթական ցենզով ապագա քաղաքացին իր տեղը դժվարությամբ կգտնի աշխատաշուկայում: Ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նաև տեղեկացրեց, որ 12-ամյա պարտադիր կրթության մասին օրինագիծն արդեն ԱԺ-ում է. «Նախագիծն արդեն ԱԺ-ում է, բայց դեռևս չի քննարկվել, օրենքը սկիզբն է լինելու ծրագրի ներդրման»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով սպասվող նորամուծություններին՝ Աշոտյանը նշեց, որ առաջիկայում պարտադիր կլինի նաև ազգային երգ ու պարի ուսուցումը: Այս ծրագիրը ևս պիլոտային է. «Ազգային երգ ու պար ծրագրի փորձնական փուլը 10 դպրոցներում կիրականացվի, 1.5-2 տարվա ընթացքում պարզ կլինի, որ դասարանից է այն լինելու պարտադիր»,- մանրամասնեց նախարարը:
Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին՝ Աշոտյանն ասաց, որ այս տարի կիրականացվի այդ ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում դպրոցական սնունդ կտրամադրվի առաջին դասարանցիներին: Ըստ նախարարի՝ ծրագիրը ոչ միայն առողջապահական ու սոցիալական խնդիր է լուծելու, այլև խթանելու է հայրենական արտադրողներին:
Խոսելով սպասվող բարեփոխումների մասին՝ Աշոտյանը նշեց, որ այս տարի 17-20 ավագ դպրոցներ ամբողջությամբ կվերանորոգվեն: Դրանք ընտրվելու են՝ հաշվի առնելով շենքային կարիքներն ու աշխարհագրությունը: Ծրագրվում է, որ ՀՀ յուրաքանչյուր մարզում գոնե մեկ ամբողջապես վերանորոգված դպրոց պետք է լինի: Բացի այդ, դպրոցական կահույք է մատակարարվելու ՀՀ բոլոր ավագ դպրոցներին։ Վարկային ծրագրի շրձանակներում՝ ժամանակից լաբորատոր սարքավորումներ կտրամադրվեն նաև հայաստանյան մի շարք բուհերի: