Մանկապարտեզներում սննդի ընդունման պատասխանատուները կվերապատրաստվեն
25/08/2014 17:14

Մանկապարտեզներում սննդի ընդունման պատասխանատուները կվերապատրաստվեն

Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաև ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության ուղարկված բոլոր մթերքները եղել են օգտագործման համար պիտանի: Մանկապարտեզներում սննդի ընդունման համար պատասխանատու անձանց համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են հատուկ վերապատրաստումներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երեք տարի շարունակ Երևանի քաղաքապետարանը հետևողական աշխատանք է տանում մանկապարտեզներում սննդի որակի ապահովման ուղղությամբ: Եվ այսօր իսկապես անընդունելի է, որ այսքան ջանքերից հետո անբարեխիղճ մի մատակարարի պատճառով ստվեր ընկավ մեր աշխատանքի վրա: Ըստ այդմ՝ եղեք ավելի խիստ, ու եթե որևէ մանկապարտեզում հայտնաբերվի սննդի պահպանման պայմանների կամ ժամկետների խախտման դեպք, ապա, վստահեցնում եմ, որ պատասխանատուները խստորեն կպատժվեն: Երեխաների սննդի հետ կապված որևէ մեկը իրավունք չունի անգամ չնչին թերացում թույլ տալու: Խորհրդակցություն հրավիրեք և բոլոր պատասխանատուներին մեկ անգամ ևս խստորեն զգուշացրեք լինել ավելի ուշադրիր ու հետևողական»,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նաև հավելել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսուհետ հաղթող ճանաչված ընկերությունների կողմից մատակարարվելիք սննդամթերքի նմուշները պարտադիր կուղարկվեն փորձաքննության: 

Նախորդող հրապարակում՝ Մանկապարտեզների տնօրենները՝ փչացած հավի մսի մասին

Մանկապարտեզներում սննդի ընդունման պատասխանատուները կվերապատրաստվեն