Փաստաբանների պալատն իր օգնությունն է առաջարկել ծեծված սիրիահայ բժշկին
25/08/2014 16:25

Փաստաբանների պալատն իր օգնությունն է առաջարկել ծեծված սիրիահայ բժշկին

Փաստաբանների պալատը իրավական աջակցությունն է առաջարկել սիրիահայ բժիշկ Պողոս Աղոյանին, ով օգոստոսի 21-ին ոստիկանությունում հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հարազատների կողմից:

ՓՊ Նախագահի՝ ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք զանգահարել և առաջարկել են բժշկին իրենց աջակցությունը, սակայն վերջինս ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա և հարկ եղած դեպքում՝ ինքը նրանց կդիմի:

«Սա սիրիահայերին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նախաձեռնության սկզբունքներից է, այն է, մենք ինքներս էլ նախաձեռնություն ենք ցուցաբերում նրանց իրավական օգնություն տրամադրելու հարցում»,- ասաց Մեղրյանը:

Զ. Մեղրյանի խոսքով՝ ծրագրին, որը մեկնարկել է այս տարվա փետրվարից, արդեն դիմել է մոտ 60 սիրիահայ, որոնցից բոլորի խնդիրն էլ այս կամ այն չափով լուծվել է:

«Սիրիահայերը ծրագրին դիմել են ամենատարբեր հարցերով՝ բիզնեսի, տուրիզմի, բնակարանի առքուվաճառքի և այլն: Մենք որևէ մեկի հարցը անպատասխան չենք թողել, այլ հարց է, որ որոշ դեպքերում նրանց պատկերացումները չեն համապատասխանել մեր օրենսդրությանը»,- ասաց նա:

Զ. Մեղրյանը ասաց, որ այս տարվա հոկտեմբերին պատրաստ կլինի այդ հարցերով և դրանց պատասխաններով ձեռնարկ, որը նպատակ ունի բարձրացնել սիրիահայերի իրավագիտակցությունը:

Նախորդող հրապարակում՝ Առողջապահության նախարարությունը դատապարտում է սիրիահայ բժշկին ծեծելու փաստը 

Փաստաբանների պալատն իր օգնությունն է առաջարկել ծեծված սիրիահայ բժշկին