Դատական դեպարտամենտը հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում
28/08/2014 10:18

Դատական դեպարտամենտը հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում

«Հայկական Ժամանակի» հավաստի տեղեկություններով, ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը կապված է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետագա պաշտոնավարման հետ:

Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ եթե Մկրտումյանն ինքնակամ հրաժարական չտա զբաղեցրած պաշտոնից, դատական դեպարտամենտի հայտնի սկանդալը շարունակություն է ունենալու, և նոր քրեական գործեր են հարուցվելու: Մկրտումյանի հրաժարականի հարցն օրակարգում էր 1 տարի առաջ, երբ կալանավորվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու ու դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ թերթին հայտնել են, որ կարգադրիչների մասով գործն ուղարկվել է դատարան, բայց այլ վարույթ է հարուցվել ՔՕ 308, 314 հոդվածներով՝ շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, կատարվում է նախաքննություն: «Սա նշանակում է, որ Մկրտումյանի հարցը օրակարգից դուրս չի եկել»,-հավելել է թերթը։
 

Դատական դեպարտամենտը հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում