Ստեփանավանը՝ Հայաստանի Հանրապետության 2015-ի երիտասարդական մայրաքաղաք
02/09/2014 19:40

Ստեփանավանը՝ Հայաստանի Հանրապետության 2015-ի երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում  անցկացվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նիստին մասնակցում էին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակից քաղաքների ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել ծրագրի փորձագետներին և հայտատու քաղաքների ներկայացուցիչներին՝ մրցույթին ակտիվորեն մասնակցելու համար:

Աղբյուրը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է 2013 թվականից և այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Եղեգնաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Քաջարան և Կապան քաղաքները: Փորձագիտական ուսումնասիրությունների հետ մեկտեղ կազմակերպվել է առցանց քվեարկություն:

Փորձագիտական գնահատականների և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվել Ստեփանավան քաղաքը:
2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան և Քաջարան քաղաքները, որոնք ևս 2015 թվականի ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացնելու են որոշակի ծրագրեր՝ ուղղված քաղաքի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
 

Ստեփանավանը՝ Հայաստանի Հանրապետության 2015-ի երիտասարդական մայրաքաղաք