.jpg)
Բլատտեր. «Բոյկոտը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին, որը տիրացել է աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնությունն անցկացնելու իրավունքին: Նա հայտարարել է, որ մրցաշարն այլ երկրում անցկացնելու վերաբերյալ որևէ հարց չի քննարկվում:
«Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության հարցը չենք բարձրացնում: Գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մեր վստահությունն ենք հայտնում «ԱԱ-2018»-ի և «ԱԱ-2022»-ի կազմակերպիչներին: Բացի այդ, դեռ սպասում ենք մեր էթիկայի կոմիտեի հաշվետվությանը, որն զբաղվում է Ռուսաստանի ու Կատարի` աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքին տիրելու հանգամանքների ուսումնասիրությամբ»,- Բլատտերի խոսքերը մեջբերել է գերմանական DPA-ն:
ՖԻՖԱ-ի նախագահը խոսել է նաև որոշ երկրների` «ԱԱ-2018»-ը բոյկոտելու ցանկության մասին` նշելով, որ այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն է տարածվել Եվրամիության սանկցիայի նախագծի մասին, որը ենթադրում է Ռուսաստանի` ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին անդամակցության դադարեցում, ինչը, բնականաբար, կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կզրկվի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: