Էրդողանը կոշտ դիրքորոշում է որդեգրելու Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ
03/09/2014 19:55

Էրդողանը կոշտ դիրքորոշում է որդեգրելու Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան խնդիրը:

Թուրքիայի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը կներառվի Ուելսում սեպտեմբերի 4-5-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:

Էրդողանը նշել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը հանդիսանում է Թուրքիայի գերակայություններից մեկը: Բաքվում հնչեցված Էրդողանի հայտարարությունները լավագույն ապացույցն են, որ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան խնդրով և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում ղարաբաղյան խնդրում ադրբեջանամետ զիջումների հետ, ինչը թե Երևանի, թե Ստեփանակերտի կողմից բազմաթիվ անգամ մերժվել է:

Էրդողանը այդ հայտարարությունը հնչեցնում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից 2015թ.-ի ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը ստանալուց մի քանի օր անց, ինչը խոսում է այն մասին, որ Էրդողանը շարունակում է թուրքական դիվանագիտության հին ուղենիշը՝ փոխկապակցել միմյանց հետ կապ չունեցող հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնահարցերը և ստեղծել հայ-թուրքական գործընթացի առկայության իմիտացիա:

Թուրքիան Էրդողանի օրոք ավելի կոշտ դիրքորոշումներ է որդեգրելու Հայաստանի, ԼՂՀ-ի և ողջ հայության նկատմամբ, ինչի մասին են վկայում մինչ այդ Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլու «Ադրբեջանի «օկուպացված տարածքները» վերադարձնելու և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության դեմ համատեղ պայքարելու հայտարարությունները:

Բացի այդ, Էրդողանը Բաքվում կրկին անգամ խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի և այն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ մտցնելու մասին, ցույց տալու համար միջազգային հանրությանը, որը Թուրքիան ղարաբաղյան հարցում միջնորդական առաքելություն կամ գործընթացին կարգավորմանը նպաստող գործոն է, սակայն դա այդպես չէ:

Հայկական կողմերը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Թուրքիան չի կարող ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը ներգրավել՝ ելնելով այդ երկրի միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշումից, Հայաստանը շրջափակելուց, ինչը միջազգային հարաբերություններում պատերազմական քայլ է համարվում, ինչպես նաև այն հանգամանքով, որ ղարաբաղյան խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլ ֆորմատներ տեղափոխել այդ խնդիրը անթույլատրելի է Երևանի և Ստեփանակերտի համար:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին, ապա դրանք ակտիվորեն զարգանում են՝հիմք ունենալով Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ միասնական գործելու արտաքին քաղաքական ուղենիշը, ինչպես նաև էներգետիկ-կոմունիկացիան ընդհանուր շահերը տարածաշրջանում:

Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում ստեղծել են ռազմա-քաղաքական տանդեմ, որին փորձում են ներգրավել նաև երկու երկրների համար կապող օղակի դեր կատարող Վրաստանը:

Երկկողմ՝ Վրաստան-Թուրքիա և եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության հիմնասյունը էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունն է:

Էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (2013թ.-ին նավթամուղով արտահանվել է 29.7 միլիոն տոննա ադրբեջանական նավթ), Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (օրեկան 12.5 միլիոն խմ գազ), ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:

«Ազերէներջի» ընկերության նախագահ Էդիբար Պիրպերդիևը հայտարարել էր, որ այդ էներգետիկ կամուրջը կսկսի գործել 2014.-ից:

Թուրք-ադրբեջանական համագործակցության մեկ այլ ոլորտ առնչվում է կոմունիկացիաներին՝ տրանսպորտային համագործակցությանը և դրա շրջանակներում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը:

Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2013 թ.-ի արդյունքներով հասել է 1.37 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանի և Վրաստանի՝ 1.19 միլիարդ դոլարի: Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջին և երկրորդ առևտրային գործընկերներ են:

Այսպիսով՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-կոմունիկացիոն դաշինքի ձևավորումը և այդ միջանցքով Կենտրոնական Ասիայի, Կասպյան տարածաշրջանի նավթագազային ռեսուրսները Ռուսաստանի տարածքը շրջանցելով, այլընտրանքային ճանապարհով Արևմուտք հասցնելու ծրագրերը բխում են ինչպես եռակողմ, այնպես էլ՝ Վաշինգտոնի և Բրյուսելի աշխարհաքաղաքական շահերից:
 

Էրդողանը կոշտ դիրքորոշում է որդեգրելու Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ