.jpg)
21-րդ դարում դիակների վրա առևտուր չեն անում. Ռիմա Առաքելյան
Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ գերիների հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը, ում համոզմամբ՝ Ադրբեջանն անում է ամեն բան, որպեսզի Կարեն Պետրոսյանի դիակը սակարկությամբ հետ վերադարձնի:
Անդրադառնալով օգոստոսի 16-ին Ադրբեջանում գերի ընկած Սարգիս Անանյանին՝ Ռ. Առաքելյանը նշեց, որ Ադրբեջանից որևէ մեկը կոնտակտի դուրս չի գալիս, որպեսզի որևէ տեղեկություն հայտնի նրա մասին. «Նրա մասին որևէ հստակ ինֆորմացիա չկա: Այս հարցով զբաղվում է ԿԽՄԿ-ն:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը բարբարոսաբար է վարվում հայ գերիների հետ: «Բարեբախտաբար Ինջիղուլյանը հայտնվեց երրորդ երկրում: Իսկ Կարեն Պետրոսյանն այդ վերաբերմունքից մահացավ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս հարցի հետ կապված դեռևս ոչ մի տեղաշարժ չկա:
«Կարեն Պետրոսյանի դին պետք է վերադարձվի առանց նախապայմանների: 21-րդ դարում դիակների վրա առևտուր չեն անում, մինչդեռ Ադրբեջանն իրեն դա թույլ է տալիս»,- նշեց բանախոսը՝ վստահեցնելով, որ ԿԽՄԿ-ն և իրենց կազմակերպությունը և՛ Պետրոսյանի դին, և՛ Սարգիս Անանյանին հետ վերադարձնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացնում:
«Հանձնաժողովն ամեն ինչ անում է, բայց պաշտոնական որևէ արձագանք դեռևս չկա»,- հավելեց նա:
Առաքելյանը ողջունելի է համարում հատկապես միջազգային կառույցների խիստ ու դատապարտող արձագանքը: Նրա խոսքով՝ այն լուրջ ազդեցություն ունեցավ հատկապես Ալիևի ու նրա ռեժիմի վրա:
«ՄԱԿ-ը պահանջել է Կարեն Պետրոսյանի մահվան հանգամաննքների մանրամասն փորձաքննություն: Տղայի մահվան կապակցությամբ քննադատություններ են հնչել և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ մի շարք այլ պետությունների կողմից:
«Արդեն վախից Ադրբեջանն ինքն արձագանքեց, որ իր մոտ գերի է հայտնվել»,- կարծում է Առաքելյանը, ուստի միջազգային համաշխարհին խոշոր կազմակերպություններին ու գերտերություններին կոչ է անում էլ ավելի խիստ հայտարարությամբ հանդես գալ, որպեսզի Անանյանին Ադրբեջանն ամեն գնով հետ վերադարձնի:
Նա չբացառեց նաև, որ Ադրբեջանը Կարեն Պետրոսյանի դիակը չի ուզում վերադարձնել ինչ-ինչ հետքեր թաքցնելու համար: «Ամեն բան էլ հնարավոր է»,-ասաց նա:
Ռ. Առաքելյանի խոսքով՝ ՀԿ-ների մակարդակով Ադրբեջանի հետ բանակցությունները ոչ մի կերպ չի ստացվում:
«Այդ խնդիրներով հիմնականում զբաղվում է ԿԽՄԿ-ն: Գերիների հարցերով զբաղվող ՀԿ-ն Ադրբեջանում ձևական բնույթ է կրում: Մեր տեղեկություններով՝ այն լուծարվել է»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ դեռ 90-ականներին նրանք կարողացել են այդ կազմակերպության հետ կոնտակտի մեջ մտնել, սակայն այսօր Ադրբեջանում այդ կազմակերպության մասին որևէ մեկը որևէ նորություն չունի: «Հավանաբար նրանց արգելու են մեզ հետ համագործակցել»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ ԿԽՄԿ-ն դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ հայ գերուն հանդիպելու հարցով
«Կարեն Պետրոսյանի սպանությունը նման է ամերիկացի լրագրողի սպանությանը»