Իսլամականները նորից հայտնվել են Լիբիայի ԱՄՆ դեսպանատանը
04/09/2014 19:00

Իսլամականները նորից հայտնվել են Լիբիայի ԱՄՆ դեսպանատանը

Ս.թ. հուլիսի 31-ին Լիբիայում իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներից մեկը տեսանյութ էր տարածել, որտեղ խմբավորման զինյալների վերահսկողության տակ էր անցել Տրիպոլիի ԱՄՆ դեսպանատունը: Տեսանյութում զինյալները զվարճանում էին դեսպանատան տարածքում՝ այնտեղից հեռացած ամերիկացի դիվանագետներին վերադառնալու կոչ հղելով:

Տեսանյութի մեկնաբանության համար Aysor.am-ի լրագրողը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:

Ըստ արաբագետի՝ այն ինչ տեղի է ունենում Լիբիայում, արդյունքն է երկրում իշխանության բացակայության: Կադաֆիի կողմից ղեկավարվող կայուն Լիբիային փոխարինելու է եկել անկայուն, մասնատված, որոշ տարածքներում անվերահսկելի Լիբիան: Այդ է պատճառը, որ կենտրոնական իշխանությունները չեն կարողանում սաստել անջատողական ուժերին, այդ թվում իսլամական արմատական խմբավորումներին, որոնք բարձիթողի վիճակում են հայտնվել՝ անելով այն, ինչ ցանկանում են: Վերջինները չեն ճանաչում կենտրոնական կառավարությունը և իսլամական օրենքներ են հաստատում իրենց կողմից գրավյալ տարածքներում:

Հուլիսի կեսերից Լիբիայում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, Բենղազիում և այլ վայրերում էլ ավելի է ակտիվացել պայքարը՝ նշեց արաբագետը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի հետ չհամակերպվող և ընբոստացած զինվորականության դեմ ոտքի են ելել իսլամական խմբավորումները, որոնք 2014թ. հունիսից հայտարարված «Ֆաջր Լիբիա» (Լիբիայի լուսաբաց) շարժման համատեքստում ակտիվացրել են իրենց գործողությունները երկրի տարբեր հատվածներում, և նույնիսկ մի քանի օր առաջ գրավել Տրիպոլիի օդանավակայանը:

Տարածված տեսանյութում «Ֆաջր Լիբիա» շարժման զինյալները հայտնվել են ԱՄՆ դեսպանատանը, որը համարվում է ամերիկյան տարածք, և դա նաև ուղերձ է պարունակում ուղղված Վաշինգթոնին, որ ԱՄՆ-ն անկարող է նույնիսկ սեփական տարածքը պաշտպանել իսլամականներից: Չմոռանանք նաև, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2012թ. սեպտեմբերի սկզբին, Բենղազիի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը ենթարկվեց հարձակման իսլամականների կողմից, որի հետևանքով սպանվեց ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսն ու դեսպանատան 3 այլ աշխատակիցներ: Երկու տարի հետո  տեսանյութի տարածումն ի ցույց է դնում միջազգային հանրությանը, որ ամեն ինչ նույնն է Լիբիայում, որ իսլամականների համար անհնարին բան չկա:

ԱՄՆ իշխանությունները չունեն հստակ մշակված ծրագիր հյուսիսաֆրիկյան, մերձավորարևելյան, կենտրոնասիական և այլ տարածաշրջաններում ակտիվացած իսլամական արմատական միտումների հետ կապված: Իսկ քանի որ չկա ծրագիր, չկա նաև հստակ մշակված գործողությունների ուղեցույց՝ ինչպես նվազեցնել, կասեցնել, ճնշել աճող իսլամական ծայրահեղ արմատական նկրտումները: Իսկ վերանշյալ տեսանյութերի, ամերիկացի լրագրողների գլխատման և ամերիկյան իշխանություններին ուղղված նույնաբովանդակ ուղերձների տարածումը մտահոգիչ է և մտորելու տեղիք է տալիս՝ եզրափակեց արաբագետը: 

Իսլամականները նորից հայտնվել են Լիբիայի ԱՄՆ դեսպանատանը