.jpg)
Ներդրումների ներգրավման խրախուսումը շարունակում է մնալ առաջնահերթություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առանձնակի ուշադրության է արժանացվել Հայաստանում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծության վերանայման հնարավորությունները:
Ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծության վերանայումը և, առհասարակ, նախկինում հաստատված՝ ԱԱՀ-ից ազատված ներմուծվող ապրանքների և սարքավորումների ցուցակի ընդլայնումը ոչ միայն նոր խթան կհանդիսանա օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, այլև կբերի շրջանառության ծավալների մեծացման, շրջանառության միջոցների տնտեսման, ինչպես նաև՝ ներդրումային ավելի բարենպաստ միջավայրի ապահովման համար:
Իհարկե, պետք է փաստել, որ այս նախաձեռնությունը պետք է իրականացվի առաջացող ռիսկերի հստակ հաշվարկման պայմաններում՝ հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար: Մասնավորապես, ակնհայտ է, որ շեմի վերանայումը կնվազեցնի պետական բյուջե մուտքագրվող սահմանի վրա ԱԱՀ-ի մասով գանձվող գումարները:
Նշենք, որ մինչ այժմ ԱԱՀ-ի վճարման ժամկետները հետաձգվում են առավելագույնը 3 տարով, եթե հաստատված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը: Եթե կառավարությունը նախատեսում է եռամյա հետաձգման ժամկետը երկարացնել, ապա կարճաժամկետում կնվազի պետական բյուջեի մուտքերը, սակայն ներդրողներին հնարավորություն կտա ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականցնել:
Մյուս կողմից ուշադրության պետք է արժանացվի նաև ԱԱՀ-ի վճարումը մեկ տարով հետաձգման պայմանները: ԱԱՀ-ի մասին օրենքում սահմանված է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը պետք է լինի մինչև 70 մլն դրամ: Քանի որ կառավարության օրակարգում առաջնահերթ տեղ է զբաղեցնում սահմանամերձ գոտիների զարգացումը, ապա գոնե այս մասով նպատակահարմար է ցուցաբերել տարբերակաված մոտեցում և սահմանամերձ գյուղերում փոքր ներդրումային ծրագրերի իրականացնելու պարագայում անգամ ներդրողները պետք է ստանան արտոնություններ ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու մասով:
Այս համատեքստում հարկ է նաև նշել, որ այս տարվա առաջին կիսամյակում շոշափելի ավելացել են օտարերկրյա ներդրումների ծավալները:
Ազգային վիճծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները կազմել է 446 մլրդ դրամ, որը 2013թ-ի նույն ժամանակահատվածում համեմատ ավելացել է 52%-ով: Հատկանշական է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին ռուսական կապիտալի ծավալները ներդրումների ընդհանուր տեսակարար կշռում չի պակասել նախորդ տարվա համեմատ, ավելին՝ ներդրումների 47%-ը ներգրավվել է Ռուսաստանի Դաշնությունից:
Այպիսով, կառավարությունը ներդրումների ներգարվան խրախուսման հարցում ցուցաբերում է համակարգային մոտեցում՝ առաջարկելով հարկային արտոնությունների ճկուն փաթեթ, ինչի արդյունքը կդրսևորվի երկարաժամկետ հատվածում: