.jpg)
Եզդիների համար ամենաապահով տեղը Հայաստանն է. Ազիզ Թամոյան
Վերջին մեկ շաբաթում Իրաքի եզդիների վիճակը գնալով ավելի է վատանում, եզդիները գտնվում են ծանր վիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը, ում համոզմամբ 21-րդ դարում անընդունելի է ցեղասպանություն իրականացնելը:
Նրա խոսքով՝ եզդի ժողովրդի մի մասը ֆիզիկապես ոչնչացվում է Թուրքիայում, մի մասը՝ Սիրիայում: Ու թեև Սիրիայի կառավարությունը, նրա խոսքով, եզդիներին օգնում է, բայց դա չնչին օգնություն է: «Սիրիան էլ խնդիրներ ունեցող երկիր է: Դիմում ենք ԱՄՆ–ին, թող շարունակի ավելի ակտիվ կերպով օգնել եզդիներին, քանի որ իսլամիստների նպատակը եզդիներին ոչնչացնելով չի սահմանափակվի, նրանց բուն նպատակը իսլամական պետություն ստեղծելն է։ Մենք խոսում ենք մարդու իրավունքներից, բայց այսօր չենք տեսնում, որ այդ կառույցը գործի, ինչո՞ւ ձայն չեն հանում, ինչո՞ւ են լռում, երբ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում: Այս իսլամական ալիքը տարածվելու է աշխարհի վրա»,- ասաց Ազիզ Թամոյանը՝ իր բողոքն արտահայտելով նաև գերտերությունների նկատմամբ, որոնք լռում և չեն սաստում իսլամիստներին:
Ազիզ Թամոյանի հավաստմամբ՝ այս պահի դրությամբ 2300 եզդի կին գերության մեջ է, որոնց պետք է փրկել: «300 եզդի կին Սիրիայում վաճառքի է հանվել: Մի՞թե 21-րդ դարում կինը կարող է ստրուկ դառնալ»,- դժգոհեց եզդիների միության նախագահը:
Թամոյանի խոսքով՝ Իրաքի եզդիներից շատերը ցանկություն ունեն գալ Հայաստան, քանի որ նրանց համար ամենաանվտանգ տարածքը Հայաստանն է։
Եզդիների միության նախագահը դիմեց նաև այլ երկրների ժողովուրդներին՝ նշելով, որ եթե ուզում են եզդիներին ձեռք մեկնել, ապա պետք է գումարներ ուղարկեն ոչ թե Իրաքի կառավարությանը, այլ` եզդի ժողովրդին հանձնեն:
«Դրանք պետք է ուղարկել Իրաքի հյուսիսում գտնվող նրանց սրբավայրը՝ Լալիշ: Հայաստանում հաշվեհամար է բացվել, որտեղ նույնպես կարելի է գումարներ փոխանցել. դրանք ուղարկվելու են եզդի ժողովրդին»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ ասաց, թե ընթացքի մեջ է և՛ Արցախում, և՛ Հայաստանի որոշ մարզերում եզդիներին բնակեցնելու հարցը:
«Ես չէի ցանկանա, որ եզդիները դուրս գան այնտեղից, բայց ստիպված են: Ավելի լավ է գոնե իրենց հայրենիքից դուրս գալու դեպքում գան Հայաստան, քան` գնան Թուրքիա»,- ասաց նա: