Արցախում քննարկվել են գալիք տարվա բյուջեի ծախսերը
06/09/2014 14:50

Արցախում քննարկվել են գալիք տարվա բյուջեի ծախսերը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015-2017թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:

Վարչապետի խոսքով` բյուջետային ընդհանուր քաղաքականությունը մնալու է նույնը, քննարկվելիք միջնաժամկետ ծրագրերն ուղեցույց են հանդիսանալու բյուջեի ձևավորման համար:

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով` ըստ ոլորտների ներկայացված բոլոր ծրագրերը հիմնականում համահունչ են կառավարության ծրագրին: Ըստ նրա` 2015 թ. եկամուտները նախատեսվածից պակաս կլինեն` պայմանավորված ՀՀ-ից տրամադրվող ամենամյա միջպետական վարկի նվազմամբ: Գալիք տարվա պետական բյուջեն կրկին ունենալու է սոցիալական ուղղվածություն: Տարեցտարի միայն աշխատավարձերի և թոշակների 10-18 տոկոս բարձրացման համար բյուջեից ավելի քան 6մլրդ դրամ է հատկացվելու:

Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին կոչ է արել գալիք տարվա պետական բյուջեի պլանավորման ընթացքում նոր ծրագրեր չներկայացնել: Ա. Հարությունյանը առաջարկել է դրանք ընդգրկել հաջորդ բյուջետային տարում, քանի որ 2016 թվականից կանխատեսվում է հանքաարդյունաբերության հաշվին սեփական եկամուտների ծավալների աճ:

Կառավարության ղեկավարն կոչ է արել նաև հնարավորինս կրճատել դեֆիցիտը և գալիք տարվա բյուջեի ծախսային մասը ձևավորել մոտ 86մլրդ դրամի շրջանակներում՝ բացառությամբ սոցիալական ծրագրերի: Ըստ առաջնահերթության՝ կվերանայվեն մի շարք ոլորտների այլ ծրագրեր: 

Արցախում քննարկվել են գալիք տարվա բյուջեի ծախսերը