.jpg)
Փոխնախարար. Կարևոր է Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակականությունը
Ստոկհոլմում նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան Գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Հանդիպման նպատակն էր քննարկել Արևելյան Գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Քննարկումներում փոխնախարար Նազարյանը կարևորել է Հայաստանի` ԵՄ հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության շարունակականությունը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ ներկա իրողությունների համատեքստում կարևոր է քայլեր ձեռնարկել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության կամուրջ ձևավորելու ուղղությամբ:
Ստոկհոլմ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը առանձին հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանկ Բելֆրագեի հետ, որին մասնակցել են նաև Շվեդիայի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թուրբյորն Սուլսթրյոմը և Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային խնդիրները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։