.jpg)
Քառօրյան մեկնարկեց. Փոստանջյանը կրկին խոսեց արձանագրությունների մասին
Այսօր մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանը։
Նիստի բացմանը ներկա էր 123 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգը, որոնք կքննարկվեն առաջիկա քառօրյա նստաշրջանում:
Եվ այսպես` հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի նախագծում ընդգրկվել են 145 հարց և միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա՝ սեպտեմբերի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 128 հարց, միջազգային 23 պայմանագիր:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հարցի իրավունք խնդրելով, նշեց, որ ինքը թեև այս ընթացքում բացակայել է երկրից, բայց այստեղ, իրականում, ոչինչ չի փոխվել:
«Խոցելի մեծամասնություն, ինձ հետաքրքրում է, թե չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունները ե՞րբ են դուրս մղվելու ԱԺ օրակարգից և ի՞նչ ջանքեր են գործադրվելու այս ուղղությմաբ»,- նշեց Փոստանջյանը, որին ի պատասխան Գալուստ Սահակյանն արձագանքեց.
«Խոցելի փոքրամասնություն: Հարցը չընդունվեց: Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ապա այս պահին նպատակահարմար չէ»,- նշեց ԱԺ նախագահը: