.jpg)
ՊՆ. Հաստատվել են երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: