.jpg)
Քառյակն ԱԺ-ում կբարձրացնի սահմանամերձ գյուղերի և «Նաիրիտի» ճակատագրի հարցը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր քառյակը նիստ է հրավիրել: Ամփոփելով հանդիպումը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նիստի ընթացքում քառյակը որոշում է կայացրել միասնական ամփոփիչ քննարկել սահմանամերձ գյուղերի խնդիրները:
Ա. Ռուստամյանի խոսքով` սա ևս կարևորագույն խնդիրներից մեկն է, և քառյակը իր վրա պարտավորություն է վերցրել սահմանամերձ գյուղերի վերաբերյալ մեկ միասնական օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
«Քառյակը սահմանում գտնվելու հանգամանքը կամփոփի «Սահմանապահ գյուղ» օրենսդրական նախաձեռնության ամրագրմամբ»,- հավելեց նա` նշելով, որ քառյակը որոշեց, որ իր կողմից առաջարկությունների փաթեթ կներկայացնի քաղաքական մեծամասնությանը:
Հաջորդ կարևորագույն հարցը, որը քննարկվել է վերաբերում է «Նաիրիտին»: Այս հարցի հետ կապված քառյակը որոշել է կրկին առաջարկով հանդես գալ: «Պատրաստվում ենք հանդես գալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Այս հարցը ժամանակին բարձրաձցրել էին տարբեր քաղաքական ուժեր, սակայն մերժվել էր, բայց մենք որոշել էինք աշնանը կրկին անդրադառնալ: Պետք է հետամուտ լինենք»,-ասաց Ռուստամյանը:
Անդրադարձ է եղել նաև արտագաղթի խնդրին: Ըստ Ա. Ռուստամյանի` աղետալի չափերի հասնող արտագաղթը մտահոգում է ոչ միայն քաղաքական ուժերին, այլև հանրության լայն շրջաններին: «Սա նաև սպառնում է երկրի անվտանգությանը: Քառյակը նամակով կդիմի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի նա իր լիազորություների շրջանակում թեմայի շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրի»,-ասաց նա: