Gallup. Հարցվողների 43%-ը դեմ է ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին` առանց Արցախի
10/09/2014 16:49

Gallup. Հարցվողների 43%-ը դեմ է ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին` առանց Արցախի

Նվազել է այն քաղաքացիների թիվն, ովքեր ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Gallup International Association» կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով իրենց կողմից «Սեպտեմբերի 3` մեկ տարի անց» և «Իրավիճակն Ուկրաինայում` Հայաստանի ընկալումը» թեմաներով հարցումների արդյունքները:

Հայաստանում «Gallup International Association»-ի ներկայացուցչության հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցի խոսքով` հետազոտությունն անցկացվել է այս տարվա օգոստոսի 8-ից 17-ը` 1067 մարդու շրջանում:

«Ընդհանրապես նման հետազոտութունների դեպքում ընտրանքային սխալը` ±3% է»,- ասաց Գայանե Դաջունցը` նշելով, որ հարցազրույցներն անցկացվել են մարզերում և մայրաքաղաքում: Երևանում` 33%, մարզերում` 67% հարաբերակցությամբ:

Այսպիսով, ըստ հարցումների, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը միանշանակ ցանկալի է համարում հարցվածների 21 %-ը, միանշանակ անցանկալի` 12 %-ը, ավելի շուտ անցանկալի` 15%-ը, ավելի շուտ ցանկալի` 36%-ը: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 15 %-ը:

Նշենք, որ մեկ տարի առաջ` 2013-ի ապրիլին, անցկացված հարցումների արդյունքներով Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելուն ընդհանուր առմամբ դրական էր վերաբերում հարցվածների 67%-ը: Հիմա այդ տոկոսը նվազել է` հասնելով 57%-ի:

Ըստ նույն հարցման` ընդհանուր առմամբ իրենց կյանքով լիովին բավարարված են հարցվողների 9%-ը, ավելի շուտ բավարարված` 41%-ը, ավելի շուտ չբավարարված` 32%-ը և ընդհանրապես բավարված չէ` հարցվողների 18%-ը: Հարցվողների 1 %-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Հարցազրույցների ընթացքում անդրադարձ է եղել նաև այն թեմային, թե արդյոք ՀՀ-ն Մաքսային միությանը կանդամակցի՞ Լեռնային Ղարաբաղի հետ, թե առանց դրա: Մասնավորապես` «2014թ. մայիսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պայման դրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջ առ այն, որ ՀՀ-ի մուտքը Մաքսային միություն պետք է լինի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Արդյոք կարծու՞մ եք, որ տվյալ նախապայմանով Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը» հարցին` հարցվածների 6 %-ը պատասխանել է` միանշանակ այո:

17%-ը` հարցին տվել է` ավելի շուտ այո պատասխանը, 21%-ը` ավելի շուտ ոչ, 43%-ը` միանշանակ ոչ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 14 %-ը:

Gallup. Հարցվողների 43%-ը դեմ է ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին` առանց Արցախի