Արթուր Օսիկյանը կարգադրել է ծառայողներին ավելի սրտացավ լինել
10/09/2014 18:18

Արթուր Օսիկյանը կարգադրել է ծառայողներին ավելի սրտացավ լինել

Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն անցկացրել է իր առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՔԿ վարչության պետի տեղակալները, բաժնի պետերը, ՔԿ վարչության և հիմնարկների ղեկավար անձնակազմը: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Վարչության պետը նշել է, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ հասցրել է ծանոթանալ ծառայության գերակա խնդիրներին: Նա նշել է, որ այցելել է մի քանի քրեակատարողական հիմնարկ, ինչը շարունակական է լինելու:

Անդրադառնալով համակարգում կոռուպցիոն ռիսկերին՝ Ա. Օսիկյանը կարգադրել է ծառայությանն էլ ավելի սրտացավ լինել, իրենց առջև դրված պարտականությունները պատշաճ կատարել:

Հանձնարարվել է կազմակերպել քրեակատարողական հիմնարկների պատշաճ պահպանությունը՝ հնարավոր փախուստի փորձերը բացառելու նպատակով:
Վարչության պետը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Օսիկյանը պահանջել է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և հանձնարարել է բացառել դատապարտյալների նկատմամբ երկակի մոտեցումները:

Առանձնակի կարևորելով քրեակատարողական ծառայողների կարգապահությունը՝ վարչության պետն անդրադարձել է ծառայողների ուսումնական պարապմունքների պարբերաբար և ոչ ձևական անցկացնելուն:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արթուր Օսիկյանը կոնկրետ պահանջներ է ներկայացրել և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի կատարման վերաբերյալ: 

Արթուր Օսիկյանը կարգադրել է ծառայողներին ավելի սրտացավ լինել