.jpg)
Շտապօգնության կանչի էլեկտրոնային տարբերակը պլանշետով հասանելի է բրիգադներին
Շտապօգնության ծառայության բարելավման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը համատեղ իրականացնում են «Աջակցություն շտապ օգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծրագրից մանրամասներ ներկայացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ըստ բանախոսի, տարանջատվել են շտապ օգնության կանչերը և դրանք բաժանվել են կատեգորիաների, որոնց յուրաքանչյուրի համար սահմանվել են կանչի արձագանքման և սպասարկման ժամկետները. «Հանրությունը թերթիկների միջոցով կիրազեկվի, թե որ դեպքերում պետք է դիմել շտապ օգնության ծառայությանը»:
Թ. Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ գործում է 1-03.am վեբ-կայքը, որտեղ քաղաքացիները կարող են ամբողջական տեղեկություն ստանալ, դիմել իրենց հուզող հարցերով շտապօգնության ծառայությանը և այլն:
Նրա խոսքով, արդեն իսկ գործում է շտապ օգնության տեղեկատվական վերլուծական կենտրոնը ՀՀ տարածքում, որը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային կանչի թերթիկներ և բոլոր կանչերը ավտոմատ գրանցվում են համակարգում:
Շտապ օգնության մեքենաներում տեղադրվել են պլանշետներ և բրիգադները կարողանում են անմիջապես ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը նաև վերահսկելի է դարձնում շտապ բուժծառայության ընթացքը: