.jpg)
Մոսկվայի «էներգետիկ ճնշմանը» Կիևը դիմագրավելու է Ադրբեջանի օգնությամբ
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է ուկրաինական նավթավերամշակման գործարաններ նավթ արդյունահանելու տարբերակները:
Ուկրաինական «Նավթագազ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ խոսքը կարող է գնալ Ադրբեջանից Ուկրաինա նավթի նախկին ծավալների՝ տարեկան 2 միլիոն տոննա, վերականգնման մասին:
Իր հերթին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարել է, որ իրենք շահագրգռված են Կասպից ծովում արդյունահանվող ադրբեջանական նավթը Ուկրաինա առաքելու ծրագրերով: Ալիևի խոսքով, այս պահին Ուկրաինայում գործում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության 40 բենզալցակայան, իսկ մոտակա ժամանակներս այդ թիվը հասնելու է 70-ի:
Ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմա-տեխնիկական, էներգետիկ, առևտրա-տնտեսական, հումանիտար:
Քաղաքական առումով Բաքուն և Կիևը հանդիսանում են միևնույն կազմակերության՝ ՎՈՒԱՄ-ի անդամ:
Այդ կազմակերպության մեջ մտնող երկրները` Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա միանում են էներգետիկ, կոմունիկացիոն և այլ տիպի ծրագրերին` ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրդմամբ, որոնք նպատակ ունեն շրջանցել Ռուսաստանը և սահմանափակել ռուսական ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում:
Արևմուտքը ցանկանում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-քաղաքական առանցքի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար:
Ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչներից է ռազմա-տեխնիկական համագործակցությունը: 2009 թ.-ի ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 29 զրահապատ մեքենա, 28 հատ 122 միլիմետրանոց 2C1 «Գվոզդիկա» հաուբիցներ, մեկ ուսումնական ՄԻԳ-29ՈՒԲ ինքնաթիռ, 11 հատ ՄԻ-24 ուղղաթիռներ:
Բացի այդ, 2004-2005 թթ.-ի ընթացքում Ադրբեջանը Ուկրաինայից գնել է 45 հատ T-72 տանկեր`ռազմական ոլորտի համագործակցության մեկ այլ ծրագրերից է ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող համատեղ ձեռնարկության ստեղծումը` Ուկրաինայի տարածքում:
Ուկրաինայի արդյունաբերության նախարարությունը հայտնել էր, որ Կիևը պատրաստտվում է ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության համար ծախսել 300 միլիոն դոլար`3 տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել 100 ուղղաթիռ:
2010թ.-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Ուկրաինայում էր և այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև էներգետիկ համագործակցության հարցը` Յանուկովիչը նշել էր, որ Կիևը շահագրգռված է, որպեսզի Օդեսա-Բրոդի նավթամուղը վերագործարկվի:
Տնտեսական հարաբերութուններին զուգահեռ, ակտիվ է համագործակցությունը հումանիտար ոլորտում: Ուկրաինայում գործում է «Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրես» կազմակերպությունը, որը հրատարակում է ուկրաիներեն լեզվով «Ադրբեջանի ձայն» թերթը:
«Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի» տվյալներով՝ Ուկրաինայում բնակվում է կես միլիոն ադրբեջանցի: Կազմակերպության ղեկավարն է Ռովշան Թաղիևը:
Վերջերս Կիևում սկսել է լույս տեսնել «Ադրբեջանի խոսք» թերթը, որը ռուսալեզու և ներկայացնելու է երկկողմ հարաբերությունները:
Ադրբեջանի տարածքում էլ բնակվում է ուկրաինական համայնքը, որը Ադրբեջանի 1999 թ.-ի մարդահամարի տվյալներով հասնում է 29.000-ի:
2001թ.-ին Բաքվում բացվել է Ուկրաինական մշակութային կենտրոնը, ինչպես նաև Բաքվի Սլավոնական համալսարանին կից գործում է ուկրաինական կիրակօրյա դպրոցը:
Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները շարունակելու են խորանալ, քանի որ Ուկրաինան ցանկանում է ձերբազատվել «ռուսական գազային կախվածությունից» և ձգտում է ունենալ այլընտրանքային էներգետիկ մատակարարումներ, իսկ ադրբեջանական կողմը պատրաստ է վաճառել իր նավթն ու գազը Ուկրաինային`նոր շուկաներ գրավելու ակնկալիքով:
Ադրբեջանա-ուկրաինական համագործակցությունը միտված է ապագային, քանի որ Ուկրաինան այժմ արդիականացնում է իր նավթավերամշակման գործարանները, այդ թվում Օդեսայում, Azeri Light տեսակի նավթ ընդունելու համար: Իր հերթին, Ադրբեջանը պատրաստվում է գազի հեղուկացման գործարան կառուցել Վրաստանի սևծովյան ափին, ինչից հետո հեղուկացված գազը պետք է առաքվի Սև ծովի ավազանի երկրներին, այդ թվում Ուկրաինային: