«Air Armenia»-ն ռուսական կողմին գումար չի փոխանցել տեխնիկական պատճառներով
11/09/2014 17:45

«Air Armenia»-ն ռուսական կողմին գումար չի փոխանցել տեխնիկական պատճառներով

«Air Armenia» ընկերությունը ռուսական կողմին չի կարողանում գումար փոխանցել տեխնիկական պատճառներով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Air Armenia» ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

«Ռուսաստանի Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան հաշիվներ ունի ռուսական СМП բանկում: Դեռևս 1-1,5 ամիս առաջ մենք իրականացրել ենք 300 հազար ԱՄՆ դոլար գումար վճարում, որը տեղ չի հասել: Մեզ հայտնեցին, որ տվյալ բանկը գտնվում է ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների ներքո: Պայմանավորվեցինք, որ այսուհետ վճարումներ կանենք ռուբլիով: Մենք երկու անգամ վճարում կատարեցինք ռուբլիով, սակայն մեզ տեղեկացրեցին, որ բանկի հաշիվները սառեցված են ցանկացած դրամական միավորի պարագայում»,- պարզաբանեց Արսեն Ավետիսյանը:

Ընկերությունը, նրա խոսքով,  գումարի հետ կապված խնդիր չունի. «Մենք սպասում ենք, որ այլ բանկում հաշվեհամար բացեն և կարողանանք դրամական խնդիրները կարգավորել»,- ասաց Արսեն Ավետիսյանը` հավելելով, որ վճարում կատարելու վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է:

Դիտարկմանը, թե ռուսական լրատվամիջոցներում հրապարակումն այլ ուղղությունն ուներ, Ա. Ավետիսյանը նկատեց, որ ինչ-որ մեկը հավանաբար ցանկացել է վնասել ավիաընկերությանը, որը, նրան խոսքով, ստացվել է:

«Ուղևորների մոտ այժմ պանիկա է սկսվել, նրանք խուսափում են տոմս գնել սեպտեմբերի 21-ից հետո որևէ օրվա համար, սակայն մենք նրանց փորձում ենք համոզել, որ որևէ խնդիր չկա»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Նշենք, որ այսօր ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, ըստ որի, Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան  սեպտեմբերի 21-ից դադարեցնում է «Air Armenia» հայկական ավիաընկերության օդային ծառայությունները ՌԴ օդային տարածքում:
 

«Air Armenia»-ն ռուսական կողմին գումար չի փոխանցել տեխնիկական պատճառներով