Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ եղել է 2-րդ սպանություն. Կարապետյան
11/09/2014 18:11

Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ եղել է 2-րդ սպանություն. Կարապետյան

Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով Երևան քաղաքի վարչության վարույթում եղած քրեական գործով աշխատանքները լայնածավալ արվել են, բոլոր տեսակի համալիր օպերատիվ, հետախուզական միջոցառումների արդյունքում մեղադրյալներ են եղել և այս պահին քրեական գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում:

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը` հավելելով, որ մամուլում այս մասին կեղծ տեղեկություններ են շրջանառվում:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկությունները սուտ են: Ես արդեն ասացի, որ ցանկացած բացահայտում կարելի է դիտել միայն դատարանի վճիռով»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ գործով արդեն կան ձերբակալվածներ, որոնց նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել: Ա. Կարապետյանի խոսքով՝ այս պահին էլ նախաքննությունը շարունակվում է և այլ մանրամասներ նա չի կարող հայտնել:

Հիշեցնենք, որ կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել): Քրեական գործով նախաքննական մարմինը պարզել էր, որ Իսրայել Սարգսյանը իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին: Այնուհետև, ըստ ոստիկանության, Իսոն Մովսես Ներսիսյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը: Իսոն, սակայն չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել:

«Մենք լուրջ ապացույցներ ունենք, որոնք հավաստի, ապացուցող և ռեալ տեղեկություններ են: Չեմ կարող քրեկան գործի մանրամասները ներկայացնել»,- ասաց Երևանի ոստիկանապետը:

Ինչ վերաբերում է երկրորդ դիակի փաստին, Ա. Կարապետյանն ընդգծեց, որ այս ամբողջ գործով հարուցված է մեկ քրեական գործ, դրա շրջանակում կատարվում է նախաքննություն. «Նախաքննությամբ հիմնավորվում է: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ եղել է երկրորդ սպանություն: Բայց քրեական գործը դեռ չի ավարտվել»:

Նախորդող հրապարակում`  Աղբյուր. Թևոսիկի եղբոր սպանության նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն

 

Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ եղել է 2-րդ սպանություն. Կարապետյան