.jpg)
Հանցագործությունների թիվն այս տարի նվազել է. Աշոտ Կարապետյան
Երևանում հանցագործությունների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ 8 ամիսների աշխատանքները, հայտարարեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Նրա խոսքով` այս ամիսների ընթացքում թեև ոստիկանությունը ունեցել մի շարք ձեռքբերումներ, սակայն անելիքները դեռ շատ են: «Մենք հաստատակամ ենք առկա բացթողումները շտկելու համար»,- հավելեց նա:
Այսպես` անցած 8 ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 5334 դեպք, որը նախորդ տարվա համեմատ, նվազել է 230 դեպքով: Արձանագրված այս դեպքերից բացահայտվել է 3606-ը:
Ըստ հանցագործությունների վերլուծության` 2014 թվականի 8 ամիսների ընթացքում արձանագրված և բացահայտված դեպքերից անձի դեմ ուղղված հանցագործություններից գրանցվել է սպանության 12 դեպք, որոնցից 9 բացահայտվել է, իսկ չբացահայտված 3-ից 2-ը՝ անհետ կորածների մասով են:
Նշենք, որ 2013 թվականին արձանագրված սպանության դեպքերը եղել են 14-ը, որոնցի 9-ն էր միայն բացահայտվել:
Գրանցվել է սպանության 5 փորձ, որոնցից բացահայտվել է ընդամենը 3-ը:
Դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու գրանցված 346 դեպքից բացահայտվել է 273-ը:
Արձանագրվել է նաև ռազմամթերիք ապօրինի պատրաստման 54 դեպք, որից 50 բացահայտվել է:
Ա. Կարապետյանի փաստմամբ` այս 8 ամիսների ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի կայազորների ծառայողների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է 88 հրազեն, 102 նռնակ, 116.149 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 29 ատրճանակ, 9 ինքնաձիգ, 13 ինքնաշեն ատրճանակ, 6.5 կգ պայթուցիկ նյութ:
Ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում նաև թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքը:
Ա. Կարապետյանի խոսքով` այս 8 ամիսների ընթացքում արձանագրված 312 դեպքից բացահայտվել է 252-ը: «Իրականացված աշխատանքների արդյունքում 60 անձ ենթարկվել է քրեական պատասխանատվության, 59 անձ` վարչական պատասխանատվության: Ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է 1.1 կգ կոկաին, 7.2 կգ մարիխուաննա, 899 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբեր, 3.6 գրամ հերոին և այլ տեսակի թմրամիջոցներ»,- նշեց Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ այդ միջոցառումները այսօր էլ շարունակվում են:
Նրա խոսքով` առանձնակի ուշադրություն է դարձվում նաև սեփականության դեմ ուղղված հանցագործություններին: Նախորդ տարվա համեմատությամբ` այս տարի 6-ով նվազել են ավազակային հարձակման և գողության դեպքերը: Գրանցված ավազակային հարձակման 32 դեպքից բացահայտվել է 20-ը, գողության124-ից՝ 67-ը:
Նախորդ տարվա համեմատ` նվազել են նաև անձնական գույքի գողությունները, փոխարենը, սակայն, 123-ով աճել են` բնակարանային գողությունները:
Այս ամիսների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է նաև 15 հանցավոր խումբ` 31 անձով, որի ժամանակ բացահայտվել է 132 բնակարանային գողության դեպք: 5-ով նվազել են նաև տրանսպորտային միջոցների փախցնելու դեպքերը: Դրանք բոլորն ել բացահայտված են: Այս տարի արձանագրվել է 11 դեպք, իսկ նախորդ տարի` գրանցվել էր 18 դեպք:
Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող անձանց, ապա Ա. Կարապետյանի հավաստմամաբ, յուրաքնաչյուր հետախուզվողի հայտնաբերումը ցույց է տալիս, որ հանցանք կատարող անձը չի կարող մնալ անպատիժ: «8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից 520 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որից 486-ը հայտնաբերվել է: Հետախուզվող 245 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել տարբեր հանցատեսակներով, իսկ 241-ի՝ զորակոչից խուսափելու համար: Նրանցից 6-ը հետախուզվել է սպանության փորձ, 8-ը` ավազակային հարձակում, 3-ը` բռնաբարության, 11-ը կողոպուտ կատարելու համար»:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ մնացել են հետախուզման մեջ 4942 անձ:
Բացահայտվել են նաև նախկինում կատարած մի շարք հանցագործություններ: Ըստ Կարապետյանի՝ այս ուղղությամբ ևս դրական տեղաշարժեր են նկատվել: «Այս տարի բացահայտվել է 548 դեպք, որոնք կատարվել են նախկինում»,-ասաց նա: