Թող մեղադրանք առաջադրվի. Երևանի ոստիկանապետը` Օսիպյանի եղբորորդու մասին
11/09/2014 17:20

Թող մեղադրանք առաջադրվի. Երևանի ոստիկանապետը` Օսիպյանի եղբորորդու մասին

«Ցանկացած ոստիկան կարող է ունենալ հետախուզվող մերձավորներ, ովքեր կատարել են հանցագործություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի` հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն՝ 22 ամյա Սեդրակ Օսիպյանին, ասաց  Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Վարեջինս նախ տեղեկացրեց, որ Վալերի Օսիպյանը պատշաճ կեպով իրականցնում է իր աշխատանքը, ինչ վերաբերում է նրա եղբորորդուն, ապա ոստիկանապետը վստահեցրեց, որ այս ուղղությամբ ևս ոստիկանությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին` ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ալեքսանյանին վնասվածքը պատճառել է 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը» հարուցվել է քրեական գործ: Հունիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:

«Հանցագործությունը ամրագրվում և մեղսագրվում է այն ժամանակ, երբ կայացվում է դատավճիռ: Բոլոր տեսակի միջոցառումները շարունակվում են` առանց որևէ կաշկանդվածության: Կան միջոցառումների տեսակներ, որոնք հնարավոր չէ լուսաբանել, բայց հավաստիացնում եմ, որ ցանկացած անձ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, այդ ուղղությամբ աշխատանքները իրականացվում են»,- նշեց Երևանի ոստիկանաապետը՝ ընդգծելով, որ եթե նրա փաստաբանն ունի Օսիպյանի եղբորորդու գտնվելու մասին տեղեկություններ, նա պետք իրավապահ մարմիններին հայտնի:

Ա. Կարապետյանի հավաստամամբ՝ ոստիկանության տեղեկություններով, Ս, Օսիպյանի փաստաբանը դեռևս նրա մասին տեղեկություններ չունի: «Փաստաբանը կատարում է իր փաստաբանական գործառույթը: Եթե ինքը գիտի նրա գտնվելու վայրը, ինչո՞ւ չի հայտնում իրավապահ մարմիններին: Թեև չեմա կարծում, որ ինքը գիտի նրա գտնվելու տեղը ու չի ասում: Պետք չէ այս հարցը քաղաքականացնել»,- հորդորեց նա լրագրողներին՝ ընդգծելով, որ Վ. Օսիպյանի և մնացած բոլոր աշխատակիցների հարազատներն էլ հասարակ քաղաքացիներ են և չի բացառվում, որ նրանք էլ հանցագործություն կատարած լինեն:

«Եթե ոստիկան են աշխատում, դա չի նշանակում, թե նրա մերձավորները չպետք է պատժվեն»,-ասաց նա:

Հարցին՝ Օսիպյանը քաղաքական դե՞մք է, Ա. Կարապետյանը հակադարձեց, «Ոչ, նա քաղաքական դեմք չէ: Մամուլում այս լուրերը շատ են շրջանառվում, հետևաբար ասում եմ, որ պետք չէ այս ամենը քաղաքականացնել»:

Պատասխանելով հարցին՝ այդ գործով վկան պարբերաբար հայտարարում է, թե Վալերի Օսիպյանն իրեն հանցավոր գործարք է առաջարկել, Դուք տեղյա՞կ եք այդ մասին, Ա. Կարապետյանը նշեց, որ ինքն այդ մասին տեղյակ չէ: «Այս գործը Երևանի քննչական վարչությունից տեղափոխվել է Հատուկ քննչական վարչություն: Կարող եմ ասել միայն, որ իմ տեղակալը բազմիցս ցուցմունք է տվել և ՀՔԾ-ում կա հարուցված քրեական գործ: Եթե կա արարք, պետք է նաև մեղադրանք առաջադրվի, որից հետո ոստիկանության ղեկավարությունը համապատասխան հետևություններ կանի»,- հավելեց նա:

Նախորդող հրապարակում՝ Փաստաբանը Սեդրակ Օսիպյանի անմեղությունը ապացուցող ցուցմունքներ ունի
 

Թող մեղադրանք առաջադրվի. Երևանի ոստիկանապետը` Օսիպյանի եղբորորդու մասին