.jpg)
Որքա՞ն է «բացվել» Հայաստանի «երկինքը» մեկ տարի անց
Հայաստանում օդային փոխադրումների ոլորտի ազատականացմանն անցյալ տարի նպաստեց նաև ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացումը, բայց այս ոլորտում «բաց երկինք քաղաքականությանն» անցնելու առաջարկը մեր երկրի կառավարությանն արվել էր դեռևս 10 տարի առաջ` 2003-ին:
«Լինելով փոքր և ցամաքային երկիր, Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներին, այս ոլորտներում ապահովի մրցակցային մթնոլորտ և վերացնի մրցակցության սահմանափակումները», սա Համաշխարհային բանկի հիմնական խորհուրդն էր Հայաստանի կառավարությանը:
ՀԲ ուսումնասիրության համաձայն՝ ավիացիայում մատուցվում էին ոչ լիարժեք ծառայություններ, և տոմսերի գներն ավելի բարձր էին, քան անհրաժեշտ է։ ՀԲ-ն առաջարկում էր վերացնել ավիացիոն մուտքի նկատմամբ կառավարության սահմանափակումները, ինչպես նաև նստատեղերի քանակի և բեռնափոխադրման նկատմամբ սահմանափակումները, որպեսզի շուկա մուտք գործեն նոր փոխադրողներ, որոնք աշխատում են ավելի փոքր շուկաներում և առաջարկում են ավելի ցածր գներով ծառայություններ։ Ուստի, Հայաստանի կառավարությանն առաջարկվում էր խուսափել «բացառիկ» գործարքներից, ինչպիսին էր «Արմավիայի» հետ կնքած բացառիկ իրավունքների պայմանագիրը, հնարավորություն տալով ազգային փոխադրողին մրցակցելու նույն պայմաններով այլ ավիաուղիների հետ։
Սակայն, 2003-ին Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ապամենաշնորհել այս ոլորտը` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության այն հիմնավորմամբ, որ մեր տարածաշրջանում իրավիճակի փոփոխության դեպքում այլ ավիաընկերությունները կարող են հրաժարվել չվերթներից և Հայաստանը կհայտնվի սեփական ավիափոխադրող չունենալու վտանգի առջև` դրանից բխող հետևանքներով: Առաջ անցնելով նշենք, որ այդ մտահոգությունն այժմ էլ գոյություն ունի, բայց փաստենք նաև, որ երբ անհրաժեշտությունը եղավ Սիրիայից Հայաստան տեղափոխել մեր հայրենակիցներին, ազգային ավիափոխադրողը չարդարացրեց այն հույսերը, որ կապվում էին արտակարգ իրավիճակներում նրա հետ: Ինչևէ:
Անցյալ տարի կառավարության որոշմամբ ընդունվեց այն, ինչ առաջարկում էր Համաշխարհային բանկը 10 տարի առաջ և ինչ եզրակացությունների եկան այս ոլորտն ուսումնասիրած «Մաքքենզի» ընկերության մասնագետները` Հայաստանի մրցունակության հիմնադրամի հետ համատեղ:
Կառավարության որոշմամբ, վերացան ավիաընկերությունների, ինքնաթիռների տեսակների և այլ սահմանափակումները: Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք համապատասխանում են տեխնիկական և ոլորտին ներկայացվող այլ չափորոշիչներին, անարգել կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել «Արմենիա միջազգային օդանավակայանների» հետ և ազատորեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս: Դա հնարավորություն է ստեղծում ոչ միայն ավիացիայի, այլև մի շարք այլ` առաջին հերթին զբոսաշրջության ոլորտներում զարգացումներ ունենալ: Մասնավորապես, ակնկալվում է, որ Հայաստանում ավիացիայի ոլորտը պետք է լինի առնվազն ոչ պակաս մրցունակ, քան հարևան երկրներինը, ինչի արդյունքում կապահովենք էժան փոխադրումներ և մեծ շրջանառություն: Մեկ տարի առաջ ակնկալվում էր «բաց երկնքի քաղաքականության» արդյունքում, տարբեր ոլորտներում, առաջիկա տարիներին ստեղծել 18-20 հազար նոր աշխատատեղեր: Մեկ տարի հետո էլ սպասվում էր, որ օդային փոխադրումների գները կէժանանան մոտ 10 տոկոսով, իսկ ծավալը կավելանա 20-25 տոկոսով: Եթե 18-20 հազար նոր աշխատատեղերի ստեղծման կանխատեսման մասին դեռևս վաղ է խոսել, ապա փոխադրումների գների, ծավալի, չվերթների, ավիաընկերությունների թվերի մասին, հիմա` մեկ տարի անց, արդեն կաերլի է խոսել: Ներկայացնենք վերջին` օգոստոս ամսվա տվյալները համեմատած անցյալ տարվա օգոստոսի հետ, երբ դեռ նոր էր անցում կատարվել «բաց երկնքի քաղաքականությանը»:
«Արմենիա Միջազգային Օդանավակայանների» հրապարակած տեղեկատվության համաձայն, 2014-ի օգոստոսին, 2013-ի օգոստոսի համեմատ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 34 տոկոսով` մեկնողները 37 տոկոսով, ժամանողները 31 տոկոսով: Եթե 2013-ի օգոստոսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 198 հազար ուղևոր, ապա 2014թ օգոստոսին` 265 հազար ուղևոր: Չվերթերն աճել են 31 տոկոսով (կանխատեսվող 20-25 տոկոսի փոխարեն) 2013-ի օգոստոսի 1726-ի համեմատ` կազմելով 2262, չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը այժմ 33 է` 2013-ի օգոստոսի 27-ի համեմատ:
Ինչ վերաբերվում է գներին, ապա տարբեր ավիաընկերություններ տարբեր կերպ են արձագանքել «բաց երկնքին», բայց որոշ ուղղություններով մոտ 10 տոկոս գների նվազումն արդեն առկա է: Մրցակցության սրման արդյունքում իրատեսական է փոխադրումների գների աստիճանական նվազում ակնկալել առաջիկայում, իսկ մեկ տարվա համար «բաց երկնքի քաղաքականության» արդյունքներն, ընդհանուր առմամբ, առավել քան ակնառու են: