.jpg)
ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, ՀԱԿ-ը՝ ձեռնպահ
«ԲՀԿ խմբակցությունը քանիցս ասել է, որ մեզ համար ընդունելի չէ մեր վարկային պատմություններն անընդհատ ավելացնելը` արտաքին պարտքը հասցնելով հոբելյանական 5 մլրդ սահմանագծի: Այդ իսկ նկատառումներից ելնելով՝ ԲՀԿ-ն քվեարկում է դեմ» ,- Ազգային Ժողովի նիստի մեկնարկին, երբ քվեարկության էին դրվել նախորդ օրը քննարկված վարկային համաձայնագրերը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ իր հերթին նշեց, որ անկախ նրանից, որ լավ նպատակի համար չեն ծառայելու այդ վարկերը, կոչ արեց գործընկերներին քվեարկել «ձեռնպահ»` արտաքին պարտքը հերթական անգամ չավելացնելու նպատակով:
Նշենք, որ խոսքը 2014 թ-ի մայիսի 23-ին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավման ծրագրի» և 2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կրթության բարելավման ծրագրի» մասին է:
Յուրաքանչյուր համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 15 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է: Ինչպես պատգամավորներին տեղեկացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` վարկերը կուղղվեն հանրակրթության ոլորտում բարեփոխումներին, մասնավորապես առաջարկվում է վերակառուցել և արդիականացնել ավագ դպրոցները, բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացմանը և այլն: