Նավասարդյան. Դժվար է ասել` հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին
11/09/2014 13:57

Նավասարդյան. Դժվար է ասել` հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին

Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ դառնալու Հայաստանի մտադրությունը չիրականացավ, և Հայաստանը հիմնադիրների կազմում չէ: Առհասարակ` Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու հարցը կորցրել է իր արդիականությունը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան համակարգող, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

«ՄՄ-ն լուծվել է ԵՏՄ-ի մեջ, և ՄՄ անդամ դառնալ նշանակում է ԵՏՄ անդամ դառնալ: Իսկ ասել, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, դժվար է, քանի որ Հայաստանի անդամակցությունը Ղազախստանին այնքան էլ չի գոհացնում»,- ասաց Բ. Նավասարդյանը` ավելացնելով, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև կան խնդիրներ, և Ղազախստանի՝ որպես ինքնիշխան պետություն զարգանալու ցանկությունն ինչ-որ տեղ հակասում է ԵՏՄ-ի էությանը:

«Ղազախստանի նախագահը փորձում է նաև այլընտրանքային պրոյեկտների մեջ ներգրավված լինել: Ղազախստանը մասնակցում է երեք տարբեր ինտեգրացիոն գործընթացների, և կասկածելի է, որ ցանկություն կլինի, որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, որովհետև նա այնտեղ Ռուսաստանի ձայները կրկնապատկում է»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, ապա բանախոսի կարծիքով, հարցը սկզբունքային էր դեռ նախորդ տարի, երբ նպատակ կար վիժեցնել Հայաստանի՝ Եվրամիության ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցը:

Խոսելով ԵՏՄ անդամակցության դեպքում Արցախի կարգավիճակի մասին` Բ. Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ Արցախի հարցը օրակարգում չկա. «Դա թողնված է հետագայի համար: Լեռնային Ղարաբաղը ԵՏՄ տարածքի մեջ չի մտնելու»,- ասաց նա` ընդգծելով, որ անցակետի հարցը հակասական է և անորոշության մեջ:

Նավասարդյան. Դժվար է ասել` հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին