.jpg)
Էդուրարդ Շարմազանովն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությանը
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը և խմբի անդամ Մնացական Մնացականյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանի Հանրապետություն և եռնային Ղարաբաղի Հանրապետություն, գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և շարունակում են դինամիկ զարգանալ, ինչը մասնավորապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի համար հույժ կարևորություն ունեցող ԼՂ հակամարտությունում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկն է:
Հանդիպման ընթացքում, այլ հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:
Պարոն Շարմազանովը, անդրադառնալով ֆրանսիացի սոցիալիստների՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցին, կարևորել է նրանց այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներգրավվի որպես բանակցային կողմ:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, լսելի է դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:
Պատվիրակության ղեկավար Ալեն Ներին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նշել է, որ ԼՂՀ կատարած իրենց այցը անհրաժեշտ է դիտարկել մարդու և ժողովուրդների իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության տեսանկյունից, որը կարևորում են որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկիր: