.jpg)
ՀԲ ներկայացուցիչները էներգետիկայի նախարարին են ներկայացրել առաջարկներ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քեռալին և ՀԲ երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Լորա Բելիին: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, հետագա համագործակցության խնդիրները:
ՀԲ ներկայացուցիչները նախարար Զախարյանին ներկայացրել են բանկի կողմից մշակված «Հայաստանի էներգետիկական ոլորտի քաղաքականության վերլուծություն» ծանոթագրությունը, որտեղ ներկայացված են Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և առաջարկություններ՝ դրանց լուծումների և ոլորտի կառավարման բարեփոխումների ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում փաստաթղթի շուրջ քննարկումներ կազմակերպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:
Նախարար Զախարյանը շնորհավորել է տիկին Լորա Բելիին նոր պաշտոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:
Բանկի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: