.jpg)
Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: «Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Թիան Չանչունը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան ու կընդլայնվեն:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և մաղթել նորանոր հաջողություններ: