Ռ. Հակոբյան. Քառյակի հանրահավաքին հնարավոր է իշխանափոխության հարցն ընդգրկվի
12/09/2014 16:27

Ռ. Հակոբյան. Քառյակի հանրահավաքին հնարավոր է իշխանափոխության հարցն ընդգրկվի

Քառյակի նիստի ընթացքում բովանդակային հարցեր չեն քննարկվել:  Նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառաnգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանի հավաստմամբ` դեռ նախորդ նիստի ժամանակ եղել են որոշակի քննարկումներ, իսկ այսօր այդ քննարկումները շարունակվել են: «Մեր մոտեցումները պահպանվել են: Գնալով ավելի են քառյակի դիրքորոշումները համընկնում: Բայց քանի դեռ մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ ունենք, ապա վերջնական գնահատականները և մեր միասնական դիրքորոշումը կհայտնենք այդ օրը»,- ասաց նա:

Հարցին` հնարավո՞ր է, որ այդ օրը իշխանափոխության հարց ընդգրկվի, Ռ. Հակոբյանը ոչինչ չբացառեց: «Շատ-շատ բան է հնարավոր: Բայց քանի որ վերջնական ժամկետին 4 օր է մնացել, մեր վերջնական դիրքորոշման մասին այդ օրը կհայտարարվի»,-ասաց Ռ. Հակոբյանը` հավաստիացնելով, թե քառյակի ձևաչափն ամեն դեպքում պահպանվելու է:

Հարցին, թե իշխանությունների կողմից քառյակի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են հնչում, թե քառյակի գործունեությունը լուրջ չէ, Ռ. Հակոբյանը պատասխանեց այսպես. «Եթե իշխանությունը նման հայտարարությամբ է հանդես գալիս, դա նորմալ է: Չեմ զարմանում, որ իշխանությունը տարբեր քաղաքական տեխնոլոգիաների մեջ է խորանում, որպեսզի տապալի քառյակի գործունեությունը: Քառյակը անում է այն, ինչ անում էր: Կարծում եմ, որ իշխանությունը շատ ռեալ գիտակցում է, որ այլընտրանքը կամ աշխատող ուժերը այս 4 քաղաքական ուժերն են»,- նշեց Ռ. Հակոբյանը` հավելելով, որ բնական էր, որ իշխանությունների կողմից նման արձագանք պետք է լինել:

Հակոբյանի համոզմամբ, երբ ծնվեց քառյակի ձևաչափը, այդպիսի հայտարարություններ հնչում էին նաև այդ ժամանակ, սակայն քառյակը լուրջ շարունակեց իր գործունեությունը:

«Քառյակը ցույց տվեց, որ խրհրդարանում կարող է իրավիճակ փոխել և քաղաքական ամբիոն գրավել: Ամեն ինչ արվում էր, որպեսզի քառյակին պառակտեին, բայց քառյակը այսօր էլ իր աշխատանքը նույն ձևաչափով շարունակում է: Եթե որոշ քաղաքական գործիչներ գնահատականներ են հնչեցնում, դա իրենց գործն է: Իսկ մեր գործն է աշխատելը»,- վստահեցրեց նա` ընդգծելով, որ կան քաղաքական ուժեր ու ղեկավարներ, որոնք ըստ էության քննադատում են քառյակին, սակայն իրենք այլընտրանք չեն առաջարակում:

«Ընդամենն ասում են` քառյակը լավը չի, բայց թե ինչ են առաջարկում, ակնհայտ չէ: Դա արդեն պոլիտիկանտություն է: Եթե մեկը մերժում է այս համագործակցությունը, ապա նրանց քաղաքական քննադատությունը լուրջ չի ընկալվում»,-ասաց նա: 

Ռ. Հակոբյան. Քառյակի հանրահավաքին հնարավոր է իշխանափոխության հարցն ընդգրկվի