13/09/2014 12:28
Բասկերի խորհրդարանի կողմից Արցախի ճանաչումը շատ կարևոր քայլ էր. Դ. Բաբայան
Բասկերի խորհրդարանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը շատ կարևոր քայլ էր մեզ համար: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ սա նոր սկիզբ է դնում Արցախի պատմության մեջ և Արցախի հետ նոր հարաբերություններ հաստատելու համար:
«Սա Եվրոպայում առաջին քայլն էր, որ ճանաչում են Արցախի ինքնորոշման իրավունքը և Արցախ պետության անկախությունը: Մենք տարբեր երկրներում և մայրցամաքներում իրականցնում ենք աշխատանքներ, որոնք, անշուշտ, վաղ թե ուշ իրենց արդյունքը պետք է տան»:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ԱՄՆ-ի ամենախոշոր նահանգներից մեկը՝ Կալիֆորնիան, ևս ճանաչեց Արցախի անկախությունը, իսկ մինչ այդ այն ճանաչել էին նաև ԱՄՆ 5 այլ նագանգներ:
«Գնալով այդ աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում: Սա շատ լավ և խոստումնալից զարգացումներ են, որոնք առաջիկայում ևս կշարունակվեն և Արցախը աշխարհում ճանաչելի կդարձենեն»,- նշեց Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ սա նախևառաջ պայմանավորված է մի շարք գործոններով: Նրա խոսքով՝ սա խոսում է շահերի ընդհանրության մասին, և փաստում, որ Արցախ պետությունը ժողովրդավար է, որն ազատ ինքնորոշման իրավունք ունի: «Սա արդյունքն է նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսնության աշխատանքների: Սա խոսում է այն մասին, որ Արցախը իրենից որևէ վտանգ չի ներկայացնում մեկ այլ պետության համար: Ոչ մի նորմալ երկիր ֆաշիստական և ոչ ժողովրդավար պետությանը, անշուշտ, չի ճանաչի: Սա բարի կամքի դրսևորում էր»,- նշեց Բաբայանը՝ նկատելով, որ իր ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախը դրա համար միլիոնավոր դոլարներ չի վատնում, որպեսզի իր վարկանիշը բարձրացնի:
«Սա Ադրբեջանի կամ այլ պետությունների պես չէ, որ փողեր ծախսեն, միլիարդավոր դոլարներ վատնեն, ինչպես, օինակ, Ադրբեջանն է անում, Արցախի վարկանիշը գցելու համար»,- ասաց նա:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Դ. Բաբայանը նշեց, որ դա մի քիչ բարդ գործընթաց է: «Այս ճանաչումները թեև շատ կարևոր են, բայց բանակցությունների հետ ընդհանրապես կապ չունեն: Բանակցությունների հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է: Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, որ առանց Արցախի անհնարին կլինի բանակցություններում որևէ վերջնական արդյունքի հասնել: Բանակցություններին վաղ թե ուշ Արցախը միանալու է: Եվ որքան շուտ պաշտոնական Բաքուն դա հասկանա ու չփորձի ջայլամի պես թաքցնել իրականությունը, այնքան շատ ավելին կշահի հենց ինքը՝ Ադրբեջանը»,- հավելեց նա:
Նախորդող հրապարակում՝ Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը