15/09/2014 16:00
Արաբագետ. Իսլամական պետության զինյալների սպառնալիքները չեն իրագործվի
Իսլամական պետության զինյալների կողմից` Մոսկվային ուղղված, Հյուսիսային Կովկասում պատերազմ հրահրելու վերաբերյալ սպառնալիքներն այս պահին չեն իրագործվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Արաբագետի համոզմամբ` այդ սպառնալիքներն այլ նպատակ են հետապնդում: «Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի՝ մուսուլմաններով բնակեցված ամենամեծ շրջանն է: Այս կառույցի շրջանակներում այդ հատվածներից մեծ թվով մարդիկ կան, ինչը լուրջ ներուժ է, և կոնկրետ թիրախավորման դեպքում կարող են լուրջ գործողություններ իրականացնել: Այդպիսի գործողության միտումներ կան, սակայն առայժմ հնարավորություններն են բացակայում: Ռուսաստանի, ինչպես նաև արտաքին մյուս ուժերի դեմ ամենամեծ քայլը, որ այդ կառույցը կարող է անել, դա ահաբեկչությունն է»,- ասաց նա:
Ա. Պետրոսյանի խոսքով` նման հայտարարությունները հիմնականում նպատակ են հետապնդում մշտապես ռեյտինգային թեմա ստեղծելն է թե ԶԼՄ-ների, թե դիվանագիտական դաշտում.
«Սա է պատճառը, որ անընդհատ լսում ենք բարձրագոչ սպառնալիքների ու դաժան գործողությունների մասին: Իսլամական պետության կառույցի վերահսկողության տարածքում ոչ մի լրագրող չկա, իսկ իրականության մասին հստակ պատկերացնում չունեն: Ամբողջ աշխարհը շատ լավ տեղյակ է նրանց վայրագությունների մասին: Սա նրանց կողմից գործելաոճ է, որի նպատակը համայն աշխարհի ուշադրության կենտրոնում լինելն է»: