15/09/2014 15:46
Բնապահպան. Հայաստանը շարունակում է մնալ աղբի մեջ
«Գիտության ոլորտում Հայաստանը առաջին դիրքերում է, սակայն Հայաստանը շարունակում է մնալ աղբի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանեիլյանը:
Նա օօրինակ բերեց մի շարք քաղաքներ, որտեղ անգամ աղբամաններ չկան, սակայն աղբի ոչ մի հետք. «Ալմա-Աթայում, Աստանայում գիշերն են իրականանցում աղբահանումը, ցերեկով ոչ մի աղբատար մեքենա չենք տեսել»:
Երևանում, Կ. Դանիելյանի խոսքով, աղբատարը վերցնում է միայն աղբամանի աղբը, իսկ կողքին շարված աղբի տոպրակները` ոչ. «Սա կոպիտ սխալ է, կարծում են, որ դա նրանց աշխատանքը չէ, սակայն մարդիկ մեղավոր չեն, որ աղբամանները լիքն են. Միշտ էլ Երևանում կարելի է հանդիպել լիքը աղբամաններ և մարդիկ աղբը թափելու տեղ պարզապես չունեն»:
Բանախոսը օրինակ բերեց Մհեր Մկրտչյան փողոցը, որտեղից մի նեղլիկ ճանապարհ տանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, այս ճանապարհն անցնում է բառացիորեն աղբի միջով:
«Իսկ ի՞նչ կմտածեն ՄԱԿ-ի պաշտոնյաները` այցելեով Հայաստան, մտնելով ՄԱԿ-ի շենք և դուրս գալով ուղիղ աղբի մեջ»,- հարցնում է բնապահպանը;
Նա գտնում է, որ այս խնդիրը կապ ունի և հայկական մենտալիտետի, և վատ կառավարման հետ: