16/09/2014 16:05
«Արդեն բավական չեն նախագահների կամ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները»
«Ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները տարվեն այլ մակարդակի»,- ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հայտարարելով, թե Հայաստանում պատրաստվում է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Դեսպանը, ով երեկ է ժամանել Վաշինգտոնից, նշեց, որ երկրի ղեկավարի հետ նրանք կքննարկեն սեպտեմբերին տեղի ունեցած Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումը՝ տեղեկացնելով նաև, որ երկու շաբաթ հետո հանդիպում է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում:
«Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին և հուսով եմ, որ հայ ժողովուրդը, գիտի, թե մենք ինչ ենք ուզում այս գործընթացում: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ պետք է հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում: Մենք անհանգստանում ենք զենքի և զինամթերքի կուտակմամբ, ինչպես նաև շփման գծում տեղի ունեցած միջադեպերի համար և հասկանում, որ զինադադարը պետք է հարգվի»,– հավելեց նա:
Ջեյմս Ուորլիքն ընդգծեց, թե ինքը հասկանում է, որ մարդիկ մի փոքր բարկացած են, և արդեն քսան տարի է, ինչ բանակցություններն ընթանում են, սակայն վերջնական խաղաղութուն հաստատելու համար, քննարկումներ են անհրաժեշտ:
«Այն պատերազմը, որ տեղի ունեցավ, երկու երկրների համար էլ շատ դաժան էր: Մենք չենք ցանկանում, որ այն կրկնվի: Նման կարևոր խնդրի շուրջ բանակցությունները երբեք էլ հեշտ չեն, բայց ինչպես ես եմ նշում, շատ լավ պատուհան կա հիմա»,– ասաց նա:
Ուորլիքի խոսքով՝ ժամանակն է , որ բանակցությունները տարվեն մեկ այլ ուղղությամբ: Նրա համոզմամբ՝ դրա համար արդեն բավական չեն անգամ նախագահների կամ արտգործնախարարների մակարդակներով հանդիպումները: «Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և կողմերը պետք է որոշեն, թե այն ինչ ձևաչափ պետք է ունենա: Մենք պատրաստ ենք նրանց աջակցելու: Մենք չենք ուզում նախանշել վերջնական արդյունք, բայց ուզում ենք, որ լինի գործընթաց, որը կտանի հարցի լուծման»,– մանրամասնեց նա:
Ուորլիքը կարևորում է երկու նախագահների մակարդակով հանդիպումները, որոնք պետք է շարունակական բնույթ կրեն: Նրա համոզմամբ՝ հարցի վերջնական լուծումը կարող է լինել միայն նախագահական մակարդակի վրա և երկու երկրների նախագահները պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց որոշումների վրա:
Նրա խոսքով՝ չկան այնպիսի հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն: «Մենք ուզում ենք, որ բոլոր հարցերն էլ քննարկվեն նախագահների և արտգործնախարարների մակարդակում: Մենք աշխատում ենք կողմերի հետ, որպեսզի համաձայնության գանք այն վեց կետերի շուրջ, որոնք քննարկվեցին «Կարնեգի» հիմնադրամում: Հասկանալի է, որ դժվար է, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ ևս»,– շեշտեց ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը՝ ընդգծելով, որ նախագահները պետք է հարգեն հրադադարը և աշխատեն, որպեսզի օգոստոսյան դեպքերը այլևս չկրկնվեն:
«Կողմերը պետք է հարգեն զինադադարը, քանի որ տեղի ունեցող իրադարձությունները չեն տանում այն լուծմանը, որ մենք ուզում ենք: Եթե ուզում ենք լինի հաստատուն և երկարատև խաղաղություն, պետք է վստահություն լինի հայերի և ադրբեջանցիների միջև: Միայն այդ դեպքում կարելի է առաջընթացի հասնել»,– ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր ուզում են խաղաղություն հաստատվի, սակայն երկրի նախագահը դեմ է դրան, Ուորլիքը համոզմունք հայտնեց, թե երկու նախագահներն էլ ուզում են ուղի գտնել դեպի խաղաղություն և ուզում են անել այն, ինչը լավ կլինի իրենց ժողովուրդների համար: «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում խաղաղությունը բարօրության մի նոր ալիք կբերի»,– հավելեց նա:
Անդրադառնալով Փարիզում նախատեսվող երկու երկրների հանդիպմանը՝ Ջեյմս Ուորլիքը նշեց, թե չի ցանկանում գուշակություններով զբաղվել, բայց շատ կարևոր է, որպեսզի նրանք կարողանան լուծումներ գտնել:
«Խնդիրներից մեկն այն է, որ մեծ անվստահություն կա երկու կողմերի միջև, բայց պետք է նախագահները հանդիպեն և ամեն ինչ անեն, որպեսզի լուծվի այդ հարցը»,– եզրափակեց խոսքը ԵԱՀԿ համանախագահը: