Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը
16/09/2014 18:45

Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը

«Գրական տապան 2014» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 18-ից 23-ը Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը:

Մանկագրության և վիպագրության բնագավառում բազմաթիվ մրցանակների արժանացած և տասը գրքի հեղինակ Մեգ Ռոսոֆը Հայաստանում կմասնակցի փառատոնի ծրագրերին, ՀՀ անկախության առթիվ կազմակերպվող տոնակատարություններին, կանցկացնի վարպետության դասընթացներ ու կհանդիպի ընթերցողների հետ:

Սեպտեմբերի 19-ին ժամը 11.00-ին ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում Մեգ Ռոսոֆը կհանդիպի ուսանողների հետ ու կանցկացնի վարպետության դաս «Creative Writing» թեմայով: Հանդիպումը կանցկացվի անգլերեն:

Սեպտեմբերի 20-ին ժամը 19.00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Ինչպես եմ հիմա ապրում» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Մեգ Ռոսոֆի համանուն վեպի հիման վրա: Գրողը ներկա կլինի ցուցադրությանը և կներակայցնի ֆիլմը:

Սեպտեմբերի 22-ին ժամը 12.00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սրահում տեղի կունենա Մեգ Ռոսոֆի հանդիպումը հայ գրողների և ընթերցողների հետ:

Մեգ Ռոսոֆը ծնվել է 1956 թվականին Բոստոնում: Սովորել է Հարվարդի համալսարանում, ինչպես նաև Սուրբ Մարտինի արվեստների դպորցում: Շուրջ տասը տարի Նյու Յորքում աշխատել է հրատարակչության, լրագրության և գովազդի բնագավառում, որից հետո տեղափոխվել է Անգլիա, ուր և ապրում է մինչ օրս:

Նրա առաջին`«Ինչպես եմ հիմա ապրում» վեպը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Guardian Children's Fiction մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ: Այն պատմում է անգլիական գյուղական տեղանքում արձակուրդն անցկացնող աղջկա մասին, ով ստիպված է պայքարել իր գոյատևման համար, երբ սկսվում է պատերազմը:

Ռոսոֆի երկրորդ`«Ամեն դեպքում» վեպը 2007 թվականին արժանացել է Կարնեգի մեդալի: 2014 թվականին լույս է տեսել «Picture Me Gone» վեպը:

«Գրական Տապան» միջազգային գրական փառատոնը գրողների, գրականագետների, ընթերցողների, մշակույթին և գրականությանը նվիրյալ, այն պարզապես սիրող մարդկանց ֆորում է։ Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը` «Գրական Տապանը» հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է դառնում։

Փառատոնի շնորհիվ թե՛ «Գրական տապանի» հյուրերը և թե՛ հայաստանցի գրողները հնարավորություն են ստանում հայ ընթերցողին, հանդիսատեսին ներկայանալ իրենց արվեստով, գրքերի կամ գաղափարների ու ծրագրերի շնորհանդեսներով, ընթերցումներով և այլն։

«Գրական Տապանը» հրավիրյալ գրողների համար Հայաստանը տեսնելու, ճանաչելու, սիրելու հրաշալի առիթ է, իսկ հայ գրողների ու գրականության մարդկանց համար լավ հնարավորություն` հյուրընկալելու իրենց գործընկերներին, զրուցելու և քննարկելու գրականության արդի խնդիրները և զարգացման միտումները:

Փառատոնի յուրահատուկ առանձնահատկություններից է մասնակից-գրողների` արձակ, պոեզիա կամ էսսե ժանրերում գրի առնված տպավորություններից կազմված երկլեզու (հայերեն և բնօրինակ) գրքի տպագրումը Հայաստանում: 

Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը