16/09/2014 19:13
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ, եթե Վճռաբեկը չբավարարի իր բողոքը
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար փոքր-ինչ անսպասելի էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով կայացված վճիռը, որով վերջինս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
«Այս որոշումը անսպասելի էր այն առումով, որ այս գործում այնքան բացահայտ կոպիտ խախտումներ կան թե օրենսդրության, թե Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ կապված, որ կարծում էի՝ մեր բողոքը մասնակի կբավարարվի, սակայն ցավալի է, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործերով մեր դատարանները ունակ չեն արդարադատություն իրականացնել»,- ասաց նա:
Փաստաբանը հույս հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը չի շարունակի «մյուս դատական ատյանների ապօրինությունները», սակայն իրենք այս գործով մտադիր են պայքարել մինչև վերջ և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյան. Ես չեմ հավատում ՀՀ-ում արդարադատությանը