19/09/2014 22:09
«Գրական տապանը» սկսեց իր 5-րդ նավարկությունը
Այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Գրական տապան 2014» միջազգային փառատոնի բացման արարողությունը:
Արդեն 5-րդ տարին հայ և եվրոպացի գրողներին Հայաստանում համախմբող ծրագրի բացման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ փառատոնի հիմնական նպատակներից մեկը Հայաստանը միջազգային ժամանակակից մշակույթի համար ճանաչելի դարձնելն է: Փոխնախարարի խոսքով՝ վերջին տարիների փառատոնները ցույց տվեցին, որ Հայաստանը ոչ միայն ճանաչելի է դառնում տարբեր երկրներից ժամանած հյուրերի համար, այլև սիրելի: Դրա ապացույցներից մեկն էլ փառատոններից հետո արտասահմանցի գրողների ստեղծած գործերն են, որոնցում նրանք ներկայացնում են իրենց ապրումներն ու տպավորությունները մեր երկրից:
Ի դեպ, «Գրական տապան 2014» փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նաև նախորդ փառատոնից հետո ստեղծված գրական գործերի ժողովածուի շնորհանդեսը:
«Գրական տապանի» կանոնների համաձայն՝ հյուրերից յուրաքանչյուրն իր համար ընտրում է Նոյան տապանի կերպարներից մեկին ու բացատրում իր ընտրությունը բացման արարողության ընթացքում:
Դանիան ներկայացնող Քեյթ Ռոյսթերը, ով նաև Հայոց ցեաղսպանության մասին գրքի հեղինակ է, պատմեց, որ ի սկզբանե որոշել էր մարմնավորել տապանից որևէ կենդանու: Ռոյսթերը պատմեց, որ ընկերներն առաջարկել են ընտրել թռչնի կերպարը, քանի որ սնվում է թռչնի նման, սակայն թոռնիկը նրան այլ բան է առաջարկել.
«Թոռնիկս մի օր ասաց, որ ես նման եմ փղի: Ես, իհարկե, շատ զարմացա, բայց նա հետո ամեն ինչ բացատրեց: Պարզվեց, որ նա մի քանի օր առաջ եղել էր գազանանոցում: Նա ասաց՝ «Փիղը քեզ նման խորը կնճիռներ ուներ»: Ահա այսպես էլ որոշեցի մարմնավորել փղին»,- պատմեց Ռոյսթերը:
Մակեդոնիան ներկայացնող Նիկոլա Մաձիրովն էլ ընտրել էր ձևի կերպարը:
«Ես ընտրել եմ ձևի կերպարը, որովհետև այն ինձ համար խորհրդանշում է ամբողջականությունը: Մակեդոնիայում, ինքներդ էլ գիտեք, ինքնության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Ես սարսափում եմ աղճատվածության գաղափարից... կիսատ բառերից, կիսատ նախադասություններից»,- բացատրեց նա:
Նշենք, որ «Գրական տապանը» միջազգային փառատոն է, որի նպատակն է գրողների միջև համագործակցություն զարգացնելը, ընթերցողներին գրողների ստեղծագործություններին ծանոթացնելը, ինչպես նաև գրականության մեջ առկա խնդիրները վեր հանելն ու լուծումներ գտնելը: Փառատոնը հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչների, ովքեր փառատոնի շրջանակում ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, անցկացնում են դասախոսություններ, վարպետության դասեր, մասնակցում կլոր սեղանների, գրքերի շնորհանդեսների և մի շարք այլ գրական միջոցառումների:
Այս տարի փառատոնը հյուրընկալել է գրողների աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից: Հայ գրչակիցների ընկերակցությամբ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ կունենան և վարպետաց դասընթացներ կանցկացնեն երևանյան բուհերում: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաև այցելություններ դեպի Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթև:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին` ժամը 15:00-ին, Երևանի Կամերային թատրոնում իր ընթերցողների հետ կհանդիպի լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Վիշնևսկին, ով այս տարի Հայաստան է եկել հատուկ ծրագրով. սեպտեմբերի 27-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հյուրանոցում (նախկին` «Գոլդեն Թուլիփ») Վիշնևսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Կոմիտաս վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ սեպտեմբերի 27-ին աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:
Նշենք նաև, որ նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որում ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները: