«Հաջողության դեպքում ՀՅԴ-ն կմիանա, անհաջողության դեպքում՝ ցտեսություն»
19/09/2014 18:37

«Հաջողության դեպքում ՀՅԴ-ն կմիանա, անհաջողության դեպքում՝ ցտեսություն»

Նաիրա Զոհրաբյանը շատ երջանիկ տեսքով, բայց սրտից արյուն թափելով հայտարարում է թե համագործակցությունը շարունակվում է, բայց իրականում դա այդպես չէ: Քառյակը տապալվեց: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով քառյակի համագործակցությանը, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Կարևորը ներկուսակցական քաղաքական համակարգի առաջացումն է»,- նկատեց նա՝ շարունակելով, որ քաղաքական ուժերը, դիմադրելով սահմանադրական բարեփոխուիմներին, ոչ թե ընդդիմանում, այլ թույլանում են:

Հարցին, թե ո՞րը կլինի Դաշնակցության հետագա քայլը, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ վաղ, թե ուշ՝ այդ ուժը կգա և կմիանա այդ 3 ուժերին:

«Եռյակը նորից քառյակ կդառնա: Այս ամենը խոսում է այն մասին, որ բուրժուազիան ճաքել և երկու մասի է բաժանվել: Այդ բևեռներից մեկը ՀՀԿ-ն է, մյուսը՝ ԲՀԿ-ն: Գործարար մասը կմիանա ԲՀԿ-ին, իրավականը՝ ՀՀԿ-ի: ԲՀԿ-ն, եթե դառնա լոկոմոտիվ, մենք կունենանք ամերիկյան համակարգի մոդել: Այս ամպլիտուդայի  արանքում լողացողներ կան, որոնցից մեկը հենց Դաշնակցությունն է: Իսկ թե Դաշնակցությունը ում կմիանա, դեռևս հայտնի չէ, սակայն այդ ուժը ևս, ուզի, թե չուզի, մի օր հայտնվելու է ժողովրդի կողքին: Եթե ուզեց, ուրեմն ընտրություններ կլինեն, եթե ոչ, ուրեմն չեն լինի»,- նշեց Շիրինյանը՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը այս ընթացքում միայն ուշադիր կհետևեի իր գործընկերներին, հաջողության դեպքում կմիանա, անհաջողության դեպքում՝ ցտեսություն....

«Հստակ չեմ կարող ասել: Ժամանակն ու գործընթացը ցույց կտա, թե ինչ կլինի հետո»,-ասաց նա:

Անդրադառնալով եռյակի հանրահավաքին՝  քաղաքագետը ընդգծեց, որ եռյակին պետք է հիշեցնել, որ նրանց առանձնապես շատ չեն սիրում ու վստահում: «Որովհետև վատն են ու վստահություն այլևս չեն ներշնչում: Բարեկամներ, դուք խնդիր ունեք աշնանը թեժ երևալու համար»,- հավելեց Շիրինյանը՝ նշելով, որ Հայաստանին պետք են ոչ թե թեժ աշուններ, այլ՝  քաղաքական լուրջ երկխոսություն:

«Պետք է քաղաքական համակարգը շարժվի, երկիրը զարգանա: Եթե բևեռացում չլինի, անցումը հեշտ կլինի, իսկ եթե լինի, այլ հարց է: Եթե հեղափոխական տրամադրվածություններ լինեն, իշխանություններին, այսպես, թե այնպես, կճզմեն: Ամեն դեպքում հասարակությունը պետք է իմանա, թե կառավարության գլխին ով է կանգնելու»,- շեշտեց նա:

Շիրինյանի համոզմամբ, առաջիկայում Հայաստանում լուրջ ցնցումներ չեն սպասվում: Նրա խոսքով, եթե ԲՀԿ-ն գործը առաջ տանի, ապա անցումը հեշտ կլին, իսկ բորբոքվելու դեպքում ամեն ինչ տխուր ավարտ կունենա:

«Հայաստանում ռեժիմն ավտորիտար է: Այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ Սահմադրությունը ոչ մի նշանակություն այլևս չունի: Այսպիսի պայմաններում խորհրդարան խաղալ, ուրիշ խաղեր տալ՝ անըդհատ ճգնաժամ է առաջանալու: Այսօր թեև որոշ քաղաքական ուժեր խոսում են այդ մասին, սակայն չեն կարող իշխանափոխություն իրականացնել»,- ասաց նա:

«Հաջողության դեպքում ՀՅԴ-ն կմիանա, անհաջողության դեպքում՝ ցտեսություն»