26/09/2014 19:35
ԼՂՀ-ն ադրբեջանցի դիվերսանտի դին կհանձնի հակառակորդ կողմին
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից հայտարարություն է տարածվել, որում, մասնավորապես, ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել է և նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ. Հասանովը՝ ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել Հ.Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։