Կասպյան 4-րդ գագաթաժողովից ամենամեծ ակնկալիքները ունի Ադրբեջանը
29/09/2014 19:58

Կասպյան 4-րդ գագաթաժողովից ամենամեծ ակնկալիքները ունի Ադրբեջանը

Այսօր Ռուսաստանի Աստրախան քաղաքում կայանալու է Կասպյան 4-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները:

Նախատեսվում է, որ մերձկասպյան երկրների ղեկավարները կկարողանան վերջնականապես համաձայնեցնել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ գագաթաժողովի ավարտին նախատեսվում է երկրների ղեկավարների քաղաքական հայտարարությունը:

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ գագաթաժողովները տեղի են ունեցել 2002թ.-ին Աշգաբադում, 2007թ.-ին՝ Թեհրանում, և վերջին անգամ 5 երկրների մասնակցությամբ ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ 2010թ.-ին: Աստրախանից հետո հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու Ղազախստանում:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը առաջացել է 1991թ.-ից հետո, երբ Կասպից ծովում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան անկախ հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Մինչ այդ, Կասպից ծովը 250 տարի շարունակ համարվում էր Ռուսական և Պարսկական կայսրությունների քաղաքական և տնտեսական շահերի տարածք:

Կասպից ծովի երկրներից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ունի ծովի և նրա բնական հարստությունների բաժանմանը:

Մերձկասպյան երկրները իրենց աշխարհաքաղաքական նպատակները կյանքի կոչելու համար իրականացնում են էներգետիկ-տրանսպորտային տարբեր նախագծեր, իսկ Ադրբեջանը ցանկանում է թյուրքախոս Ղազախստանի և Թուրքմենստանի համար դառնալ տարանցիկ երկիր՝ դեպի Արևմուտք իրենց էներգակիրները արտահանելու համար: Դա ամրագրված է «Ադրբեջան-2020» ռազմավարությունում:

Այդ նպատակով Բաքվի մերձակայքում սկսվել է Ալյաթի նոր առևտրային նավահանգստի շինարարությունը:

Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:

Բացի այդ, Ղազախստանը իր նավթն է արտահանում միջազգային շուկա օգտագործելով Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները: Բաքվի և ղազախական Աքթաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ: Տարեկան Ղազախստանը Ադրբեջանի տարածքով կարտահանի 4 միլիոն տոննա նավթ, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջերս:

Բաքվի նոր նավահանգստի հետ տրանսպորտային միասնական միջանցք է ցանկանում կազմել նաև Թուրքմենստանը, ով սկսել է Կասպից ծովի ափին կառուցել Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգիստը:

Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:

Կասպյան ավազանում կձևավորվի յուրօրինակ մերձկասպյան թյուրքական երկրների տրանսպորտային եռանկյունի՝ Աքթաու-Ալյաթ-Թուրքմենբաշի ուղղություններով: Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա մերձկասպյան երկրներից Թուրքմենստանին և Ղազախստանին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից՝դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները արևմտյան ուղղությամբ:

Չնայած Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև Կասպից ծովում առկա վիճելի նավթային հանքավայրերի հետ կապված տարաձայնություններին Արևմուտքը շահագրգված է նաև Կասպից ծովի հատակով անցնող ու Թուրքմենստանը ու Ադրբեջանը միացնող Տրանսկասպյան գազամուղի շինարարությամբ, ինչը ուկրաինական ճգնաժամի ֆոնին ռուսական գազից ձերբազատվելու նոր շանս է ԵՄ-ի համար:

Այսպիսով, Կասպից ծովի երկրների հերթական գագաթաժողովը կարող է լրացուցիչ հնարավորություններ ընձեռնել կասպյան տարածաշրջանում էներգետիկ-տրանսպորտային նոր նախագծերի կյանքի կոչելու համար: Սակայն Մոսկվան շահագրգռված չէ կենտրոնական ասիական նավթի ու գազի՝ իր տարածքը շրջանցող նախագծերի իրականացմամբ, բացի այդ, Մոսկվան դեմ է Կասպից ծովում արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայությանը, ինչը ֆիքսվել է Աստրախանում քննարկվող փաստաթղթի նախածգում:

Կասպից ծովի կարգավիճակի վերջնական իրավական կարգավորումը թույլ կտա արևմտյան ընկերություններին ավելի ակտիվ ներգրավվել կասպյան ավազանի էներգետիկ նախագծերին, ինչը Արևմուտք-Ռուսաստան նոր «սառը պատերազմի» պայմաններում կարող է հանգեցնել Կասպից ծովի միլիտարիզացիան և լարվածության աճին: 

Կասպյան 4-րդ գագաթաժողովից ամենամեծ ակնկալիքները ունի Ադրբեջանը