Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը
29/09/2014 17:48

Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր եռօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Այցի շրջանակներում Հունաստանի Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:

ՀՀ Նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Հունաստանի Նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: Նախագահ Պապուլիասը հանդիպում կունենա Հայաստանում հունական համայնքի հետ ևս:

Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

 

Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը