29/09/2014 17:28
«Ռոստելեկոմի» IP-TV-ն ՌԴ-ում ընտրել է 6,5 մլն հեռուստադիտող (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունում «Ռոստելեկոմի» ինտերակտիվ հեռուստատեսությունից արդեն օգտվում է 2,4 մլն ընտանիք, այսինքն՝ մոտավորապես 6,5 մլն հեռուստադիտող: Այս մասին Մոսկվայում՝ «Ռոստելեկոմի» գլխավոր գրասենյակում, հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության մեդիա արտադրանքի զարգացման բաժնի ղեկավար Մաքսիմ Էլկինը՝ ներկայացնելով «Ռոստելեկոմի» IP-TV-ի մի շարք առանձնահատկություններ.
«Ընդհանուր առմամբ շուկայում բաժանորդների 56%-ն ընտրել է «Ռոստելեկոմի» IP-TV-ն: Դրա միջոցով դուք կարող եք դիտել ավելի քան 200 թվային հեռուստաալիք, այդ թվում՝ 30-ը HD ֆորմատով: Բացի այդ կան մի շարք լրացուցիչ ծառայություններ: Մասնավորապես՝ եթերի կառավարման ֆունկցիայի շնորհիվ դուք կարող եք դիտել ձեր սիրելի հաղորդում, երբ ցանկանաք ու որ հատվածից կցանկանաք»,- ասաց Մաքսիմ Էլկինը՝ շարունակելով:
««Տեսավարձույթ» բաժնում կան ավելի քան 1500 ֆիլմեր՝ առաջատար ֆիմարտադրող ստուդիաներից, ինչպես նաև համերգներ, մուլտֆիլմեր, հաղորդումներ և այլն, որոնք կարող եք պատվիրել բավական ցածր գներով»:
Որպես «Ռոստելեկոմի» IP-TV-ի կարևորագույն առանձնահատկություններից մեկը, ընկերության մեդիա արտադրանքի զարգացման բաժնի ղեկավարը նշեց այն, որ ինտերակտիվ հեռուստատեսությունը թույլ է տալիս ծնողներին հսկել, թե ինչ են դիտում իրենց երեխաները.
«Կա հատուկ ֆունկցիա, որը կոչվում է «Ծնողական վերահսկողություն»: Դրա շնորհիվ դուք հատուկ գաղտնաբառով կարող եք փակել որոշ ալիքների հասանելիություն ձեր երեխաների համար, բացի այդ հեռուստցույցը ծրագրավորել այնպես, որ այն անջատվի ձեր երեխայի քնելու ժամին»,- ասաց Մաքսիմ Էլկինը:
Նշենք, որ այսօր «Ռոստելեկոմի» ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ուղղությամբ կատարվում են մի շարք աշխատանքներ: Մասնավորապես՝ կատարելագործվում է հեռուստատեսային մոդեմը, անընդհատ թարմացվում է «Տեսավարձույթ» բաժնի բովանդակությունը, ինչպես նաև մշակվում է հատուկ հեռուստավահանակ՝ երեխաների համար: «Ռոստելեկոմի» IP-TV-ն հասանելի է նաև Հայաստանի բաժանորդների համար:
Ավելի մանրամասն՝ Aysor.am-ի տեսանյութում: