ԱԺ հարցուպատասխան. Համալիրը զորամաս չէ և կրում է նախկին անունը
01/10/2014 18:05

ԱԺ հարցուպատասխան. Համալիրը զորամաս չէ և կրում է նախկին անունը

ԱԺ հարցուպատասխան. Համալիրը զորամաս չէ և կրում է նախկին անունը

Վերջիվերջո, ի՞նչ կարգավիճակ ու ի՞նչ նոր անվանում ունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Կառավարությունից հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը.

«Կառավարության հետ անցած հարցուպատասխանի ժամանակ, մենք այդ մտահոգությունը հայտնեցինք և Կառավարությունը վստահեցրեց, որ չի փոխվի համալիրի ո'չ բնույթը, ո'չ անունը, ո'չ էլ կարգավիճակը: Բայց մամուլում հրապարակումներ կան, որ համալիրը վերանվանվել է, զորամաս է և Ծիծեռնակաբերդի զորամաս է լինելու: Ես հասկանում եմ, որ Պաշտպանության նախարարությանը պատկանող կառույցներն ունենում են զորամասի կարգավիճակ, ես նաև լսել եմ, որ ՊՆ մամուլի խոսնակը հերքել է որոշ հրապարակումներ,  հիմա ուզում եմ, որ Կառավարությունը նորից հրապարակային վերահաստատի իր մոտեցումները համալիրի հետագա ճակատագրի ու անվան հետ կապված»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

ՀԱԿ պատգամավորին պատասխանեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը.

«Ես այստեղ եմ կառավարության անունից վերահաստատելու, որ Մարզահամերգային համալիրի անունը չի փոխվելու: Կարծում եմ` շփոթություն է առաջացել, երբ համալիրի նախկին սեփականատեր, կազմակերպության մամուլի խոսնակը ասուլիս է հրավիրել և հանդես է եկել զինվորական հագուստով` անելով իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ»,- ասաց Դավիթ Հարությունյանը` շարունակելով.

«Ուզում եմ հստակություն մտցնել: Համալիրի Կարեն Դեմիրճյանի անունով է կոչվել 1999թ.-ից` նախագահի հրամանագրի համաձայն: Ցանկացած կազմակերպություն, ում տիրապետության տակ կհանձնվի համալիրը` լինի դա պետական, թե` մասնավոր, պարտավորվելու է կատարել մեր պահանջը, այն է` համալիրի ֆիրմային անվանումը պետք է պարունակի հետևյալ բառերը` «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր»: Այս պահի դրությամբ համալիրի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, բայց մենք այն երկար չենք պահելու որպես պետության սեփականություն և ունենք հարցի երկու լուծում: Կամ գտնել կառավարիչ և որպես նախապայման առաջարկել համապատասխան ֆիրմային անվանումը կամ` ստեղծել ՊՈԱԿ և համալիրը հանձնել այդ ՊՈԱԿ-ին: Երկու դեպքում էլ, կրկնում եմ,  անվանումը պահպանելու ենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Զինվորական համազգեստն իմ վրա տպավորություն գործում է, բայց այնքան չէ, որ ինձ շփոթմունքի մեջ գցի»,- Դավիթ Հարությունյանին ի պատասխան ասաց Գագիկ Ջհանգիրյանը` շարունակելով. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է` որպես զորամաս համալիրը գրանցվե՞լ է»:

Դավիթ Հարությունյանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Մարզահամերգային համալիրը զորամաս չէ և նշեց, որ հիմա աշխատանքներ են տարվում համալիրի հետագա ճակատագրի ճշտման ուղղությամբ: 

ԱԺ հարցուպատասխան. Համալիրը զորամաս չէ և կրում է նախկին անունը