06/10/2014 12:31
«Վերնիսաժի կրակոցների գործ». Որոշումները կայացվում են PR մենեջերի կողմից
«Վերնիսաժում հնչած կրակոցների գործով» կալանավորված Գոռ Առաքելյանի գործով տպավորություն է ստեղծվել, որ որոշումները կայացվում են PR մենեջերների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մինչև այս պահը ինքը խուսափում էր գործի վերաբերյալ նման արձագանքից, սպասելով նախաքննության ավարտին, սակայն այժմ պահը հասունացել է:
«Եկավ մի իրադրություն, երբ հասկանում ենք, որ իրավական առումով այս գործի հետ աշխատանքը բարդանում է, քանի որ կոնկրետ իրավասու մարմինները առաջնորդվում են ոչ թե իրավաբանությամբ, այլ ինչ-ինչ այլ նպատառումներով: Վերջերս միտում է նկատվում, որ հասարակական հնչեղության գործերով դատախազության և քննչական մարմինների մոտ պարալիզացվում է իրավաբանական մտածողությունը և որոշումները չեն կայացվում իրավաբանական առումով, այլ կայացվում են PR մենեջերների կողմից: Այսինքն՝ նպատակ ունեն ոչ թե արդարացի լուծման տանել գործը, այլ դիվիդենտներ շահել»,- ասաց փաստաբանը:
Ե. Սարգսյանը անդրադարձավ Գ. Առաքելյանի դեմ հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի գործի 34-104 Հոդվածի 6 և 10-րդ կետերին, որոնք փաստաբանի կարծիքով՝ ի սկզբանե կաշկանդում են քննչական մարմնին:
«Ուզում եմ անդրադառնալ 10-րդ կետին՝ խուլիգանական դրդումներով 2 անձանց սպանության փորձին: Եթե ավելի պարզ փորձեմ ներկայացնեմ՝ չնչին առիթով դրդված սպանության ցանկություն իր առավելությունը ցույց տալու նպատակով, երբ ամեն կերպ նա փորձում է չնչին առիթից իր եսը գերադասել: Հենց ի սկզբանե՝ որտեղի՞ց քննչական մարմնին նման տվյալներ, եթե մամուլի հրապարակումների համաձայն՝ եղել է վիճաբանություն, 2 անձինք ծեծի են ենթարկել Գ. Առաքելյանին և այդ պատճառով էլ նա կրակել է: Եթե դա հիմք ընդունեին՝ խուլիգանական դրդումների մասին խոսել չենք կարող, բայց այս կետերը արդեն կաշկանդում են քննչական մարմնին, քանի որ դա հանելու դեպքում տպավորություն կստեղծվի, որ նրանք ինչ-որ կերպ օժանդակում են Գ. Առաքելյանին, իսկ այժմ իրենք նպատակ ունենք ամեն կերպով բացառել նման մտածելակերպը իրենց նկատմամբ»,- ասաց նա:
Սպանության ցանկության մասով փաստաբանը ասաց, որ եթե սկզբում նման կասկած կարող էր լինել, ապա գործի նյութերով ակնհայտ է, որ նման բան չէր կարող լինել:
«Գործի նյութերում կան տվյալներ, որ կրակոցներից մեկը կատարվել է 90 սմ հեռավորությունից: Եթե այդ հեռավորությունից Գ. Առաքելյանը ոտքին է կրակում, ապա սպանության ցանկության հետ սա որևէ տրամաբանություն չի կարող ունենալ: Ներսես Մելքոնյանի մոտ առկա է 4 վնասվածք ոտքի շրջանում, այն դեպքում, երբ Գ. Առաքելյանի հետ իրար դիմաց են կանգնած: Սպանելու ցնակության դեպքում ցանկացած մարդ հասկանում է, որ պետք է կրակի կենսական կարևոր օրգաններին՝ գլխին, սրտին, կամ նման որևէ հատվածին, իսկ այդ դեպքում 4 անգամ ոտքին կրակելը չի խոսում սպանելու մտադրության մասին: Վալերիի վնասվածքը պատճառվել է մեքենայի մեջ: Երբ որ դուռը բաց վիճակում Գ. Առաքելյանը կրակում է նրա վրա, ապա նստած դիրքում որտե՞ղ է ավելի հարմար կրակել՝ սրտի՞ն, գլխի՞ն, թե ոտքի՞ն: Եթե դրանցից մեկը դիպչել է նրա որովայնին, մեկն էլ ոտքին, ապա պետք է հասկանալ, որ դա մի գուցե շարժվելու արդյուքն է, բայց սպանության դիտավորություն չկա: Եթե ատրճանակի մեջ դեռևս փամփուշտներ կան ու նա չի կրակում, չի՞ նշանակում դա արդյոք, որ նա ոչ թե սպանելու, այլ վնասազերծելու նպատակ է ունեցել: Միանաշանակ, անհրաժեշտ պաշտպանության վիճակ է եղել կրակել նրա մոտ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Վերնիսաժի գործով Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է
«Վերնիսաժի» գործ. «Իմ պաշտպանյալին կալանավորել են կիսակենդան վիճակում»